ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի «երես առած» վարքագիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնհայտ է, որ ժամանակին Թուրքիայի իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ փորձում էին առաջնորդվել «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով, սակայն հիմա այդ կարգախոսից բան չի մնացել։ Իր նպատակներին հասնելու համար ռազմական հզորությունից աճող կախվածությունը Թուրքիային ներքաշել է իր հարևանությամբ ծագած մի շարք հակամարտությունների մեջ՝ մարտահրավեր նետելով ինչպես իր մրցակիցներին, այնպես էլ ավանդական դաշնակիցներին։ Այսօր ստեղծված է այնպիսի իրավիճակ, երբ Թուրքիան փաստացի մարտահրավերներ է նետել Ռուսաստանին, Եվրոպային և Միացյալ Նահանգներին՝ Սիրիայի, Իրաքի և Լիբիայի գործերին միջամտելու, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի ջրային տարածքների սահմանները խախտելու և անօրինական հետախուզությունն ու հորատման աշխատանքներ իրականացնելու համար։

Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ ԵՄ-ի կողմից Լիբիայում և Միջերկրականում Թուրքիայի ուժային խաղի նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքները մինչ այժմ հիմնականում փուչ են եղել և լուրջ խնդիրներ չեն առաջացրել: Անկարային նաև հաջողվել է խուսափել ԱՄՆ-ի պատժամիջոցներից, որոնք խոստացել էր սահմանել ռուսական հրթիռային համալիրի գնման կապակցությամբ։ Իրականում պատժամիջոցներից խուսափելը ամրապնդեց Անկարայի հավատն առ այն, որ ինքը մեծ ռազմավարական նշանակություն ունի՝ լինի դա ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող թուրքական ռազմակայանները, թե Էրդողանի՝ միլիոնավոր փախստականների համար Եվրոպա «դարպաս բացելու» սպառնալիքը։

Այսօր արդեն Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավվել է արցախյան հակամարտությանը՝ իր մերձավոր դաշնակցին տրամադրելով զինամթերք և հրաժարվելով միանալ հրադադարի միջազգային կոչերին: Նման դիրքորոշումը ցույց է տալիս ռազմական մկանները լարելու Անկարայի պատրաստակամությունը, որպեսզի հասնի նրան, ինչին չի հասել դիվանագիտական ճանապարհով։ Ակնհայտ է, որ առկա է վտանգ, որ Թուրքիան կարող է չափազանց ընդլայնել իր ռազմական հնարավորությունները և ներքաշվել անցանկալի ռազմական գործողությունների մեջ։ Այստեղ կարող է զսպող գործոն լինել միայն նրա վատթարացող տնտեսությունը։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular