Ադրբեջանում ռազմագերիներին գնդակահարում են, իսկ Արցախում՝ բուժում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱդրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուրադին Բախտիյարօղլուին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղում: Այս տեղեկատվությանն անդրադարձել է ռուսական EADaily-ն:
ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցի ընթացքում ասել է, որ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ անհրաժեշտության դեպքում, ռազմագերիներին մարդասիրական և այլ օգնություն է ցուցաբերվում: Նա նաև նշել է, որ վերոնշյալ ռազմագերուց բացի, մյուս բոլոր ռազմագերիներին նույնպես ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Արցախի օմբուցմենը նաև հաղորդել է, որ անձամբ հետաքրքրվել է ադրբեջանցի ռազմագերու վիճակով, ով արդեն 10 օր է, ինչ գտնվում է Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցում, և համոզվել, որ նրան անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերում:
Հոկտեմբերի 5-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ ադրբեջանցի զինվորները գնդակահարում էին հայ ռազմագերիներին: Նույն օրն Արցախի մարդու իրավունքների պաշտպանը մեկնաբանել է տեսանյութը՝ հայտարարելով, որ դա Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների հերթական ապացույցն է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը