Միլպետն իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել քրեագետին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, անցյալ հինգշաբթի՝ հոկտեմբերի 20-ին, Արարատի մարզի ոստիկանության պետ Արսեն Աբրահամյանը իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի է ենթարկել մարզային վարչության քրեագետ Եսայի Էլոյանին։
Ծեծը, ըստ ճշտված տեղեկությունների, սկսել է ոստիկանապետի վարորդ Էդգարը հենց քրեագետի աշխատասենյակում։ Էդգարին միացել է Արսեն անունով քրեական հետախուզության աշխատակիցը։ Արսեն Աբրահամյանը «վրա է հասել» աղմուկի վրա և իր հերթին շարունակել ծեծել լեյտենանտ Էլոյանին։ Պատճառը, մեր տեղեկություններով, եղել է այն, որ Էլոյանին հրահանգել են ինչ-որ մեքենայի պետհամարանիշներ բարձրացնել Արսեն Աբրահամյանի մոտ, սակայն Էլոյանը արագ չի կատարել հրահանգը։ Ի դեպ, մեքենան, ըստ նույն աղբյուրի, ոստիկանապետը նվեր էր ստացել։ Երեկ մեզ հետ զրույցում լեյտենանտ Էլոյանը հերքում էր տեղի ունեցածը։ Նա հայտարարեց, որ սխալ տեղեկություններ են տարածվում։ Նկատենք, որ Էլոյանի ձայնը բավական ընկճված էր։ Ի դեպ, Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է, որը հայտնի Է մի շարք սկանդալային պատմություններով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։