Ի՞նչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիևյան կլանը.«Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախի խնդիրը թշնամական պետության ղեկավարի համար միայն իշխանություն պահելու հարցը չէ, որ կարող է լուծել, թեպետ Ալիևի առաջնահերթ մոտիվացիան, իհարկե, հենց իշխանություն պահելն է: Այս կարծիքին է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որի կարծիքով, իր սանձազերծած պատերազմով ալիևյան կլանը լուծում է նաև մի շարք այլ խնդիրներ: «Օրինակ՝ առաջնագիծ տանելով թալիշներին, ավարներին, լեզգիներին՝ Ալիևն ազատվում է ազգային փոքրամասնություններից: Եվ այդ շրջանակում իրենք բավականին զոհեր ունեն, ինչը ենթադրում է, որ այդ համայնքները բնաջնջվում են «լեգիտիմ ճանապարհով»:
Զուգահեռ պետք է արձանագրել, որ Հայաստանի և Արցախի դեմ ուղղված ռազմական գործողությունն իր առջև խնդիր ունի բնաջնջել Արցախի հայ ազգաբնակչությանը, ինչը երկար պատմական արմատներ ունեցող գործընթացի հերթական դրսևորումն է: Այսինքն, հայկական էլեմենտի բնաջնջումը, ըստ իրենց, խնդիր է լուծելու պանթուրքիստական աշխարհի իրացվելիության տեսանկյունից:
Մյուս կողմից էլ սա Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում անկայունության գոտիներ ստեղծելու և այդ անկայունությունն արտահանելու հարմար իրավիճակ է: Նկատի ունենանք, որ կա տեղեկատվություն, ըստ որի՝ ահաբեկչական որոշ խմբավորումներ, որոնք կռվում են Ադրբեջանի կողմից, արդեն հայտնվել են Ռուսաստանի թե՛ հյուսիսկովկասյան տարածաշրջանում, թե՛ շատ ավելի խորը հատվածներում: Այսինքն, թիրախը նաև Ռուսաստանի շուրջ անկայունության շրջանակն է, որն ինչ-որ փուլից հետո կտեղավորվի կամ կփոխադրվի արդեն Ռուսաստանի բուն տարածք»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում