Ներկայիս բարդ փուլում հասարակության համախմբումն ու ռեսուրսների արդյունավետ կիրառումն առաջնային նշանակություն ունեն․«Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախում ընթացքող պատերազմը ճակատագրական նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Եվ այստեղ դրված է ոչ միայն արցախահայության, այլև ընդհանրապես հայ ժողովրդի գոյության հարցը։ Պատմությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել Թուրքիայի (դե, Ադրբեջանն ինքնին պատմություն չունի) հանցագործ քաղաքականության էությունը: Հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրը բարդանում է նրանով, որ մենք գործ ունենք ոչ միայն տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով գերազանցող Ադրբեջանի, այլև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, որը շատ լուրջ ռազմական պոտենցիալ ունի։ Թուրքիայի և Ադրբեջանի ներուժին էլ գումարվում են ահաբեկիչ զինյալները, որոնք Սիրիայից բերվել են հակամարտության գոտի։
Բայց, քանի որ այս հարցը մեզ համար գոյության խնդիր է, ապա մեզ այլ ելք չի մնում, քան թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելը և հաղթանակի հասնելը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օրակարգ թելադրել մեզ անգամներով գերազանցող հակառակորդին։ Միակ ելքը մեր ունեցած ռեսուրսները կենտրոնացնելն է, իսկ դրա համար հարկավոր են նախևառաջ անհրաժեշտ պայմաններ, որոնցից առաջնայինը հանրության համախմբումն է հաղթանակի հասնելու օրակարգի շուրջ։ Իսկ հանրության միասնականությունը ենթադրում է, որ մի կողմ պետք է դրվեն ներքաղաքական օրակարգերը, արհեստական տարանջատումները, տարատեսակ հակասություններն ու ամբիցիաները։ Կանխատեսումներ կան, որ հակառակորդը պլանավորել է երկարատև պատերազմ, որպեսզի փորձի հյուծել հայկական կողմին։
Ուստի այս համատեքստում առավելապես կարևորվում է նաև այն հանգամանքը, որ պետք է արդյունավետ օգտագործվեն մեր ունեցած հնարավոր ու անհնար ռեսուրսները, իսկ սա ենթադրում է, որ հարկավոր է ոչ միայն խնայողաբար վերաբերվել մեր ունեցածին, այլև առաջնայնությունը տալ պրոֆեսիոնալիզմին, որպեսզի կարողանանք մեր ունեցած ռեսուրսներով մեծ արդյունքների հասնել։ Ու սա չի վերաբերում միայն ռազմական գործողություններին. այստեղ հիրավի գործ ունենք ոչ միայն տարածաշրջանի, այլև գուցե աշխարհի ամենամարտունակ, կազմակերպված ու պրոֆեսիոնալ բանակի հետ:
Իսկ ռազմական հաջողությունների ամրապնդման համար անհրաժեշտ է, որ ամուր լինի նաև թիկունքը, պետական կառավարման համակարգը գործի արդյունավետ ու կանոնակարգված, տնտեսությունը ոչ միայն սթրեսների չենթարկվի, ալև խթանիչ քայլեր ձեռնարկվեն առևտրաշրջանառության և տնտեսական գործունեության ակտիվացման համար։ Իսկ մեծ նպատակների հասնելու ճանապարհին ամենից առաջ պետք է օգտագործվեն նաև հանրության չօգտագործվող ռեսուրսները։ Մեզ համար այս իրավիճակում, օրինակ՝ շատ օգտակար կարող է լինել այն պրոֆեսիոնալների և փորձառուների ներուժը, որոնք այսօր ուղղակիորեն մասնակից չեն պետական կառավարմանը։
Եվ ներկայիս փուլում երկրին հատկապես լուրջ ծառայություններ կարող են մատուցել նախկին ղեկավարները։ Չէ՞ որ նրանք տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ և գիտելիքներ են կուտակել, ինչպես նաև կապեր են ձեռք բերել միջազգային ասպարեզում։ Նրանց այս հնարավորությունների կիրառման կարևորությունը ևս պետք է գիտակցենք։ Որքան թույլ են տալիս եզրակացնել առկա «ժլատ» տեղեկությունները, նրանք իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անում են, սակայն շատ կարևոր է նրանց ներուժի ներգրավումը համակարգված կերպով: Սրա հետ մեկտեղ չպետք է անտեսել ընդհանրապես ընդդիմության ունեցած հնարավորությունները և դրանք ի սպաս դնել հաղթանակի հասնելու օրակարգին։
Այս պարագայում էլ ակնհայտ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը, բացի ներքաղաքական օրակարգը մի կողմ դնելուց, առաջնագծում մասնակցություն ունենալուց, ակտիվորեն զբաղված են «դրսի» իրենց կապերն ու հնարավորություններն օգտագործելով ի շահ ընդհանուր գործի: Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է որոշակի հարթակ, որտեղ ներկաներն ու նախկինները, ընդդիմությունն ու իշխանությունը կկարողանան համագործակցել միմյանց հետ և առաջ գնալ։ Հենց սրա շուրջ էր, որ օրերս մեկ տասնյակից ավելի կուսակցություններ հայտարարությամբ հանդես եկան, որում ընդգծվում էր պետական հատուկ մարմնի ձևավորման անհրաժեշտությունը։
Նրանք այդպիսով փորձեցին լուծումներ առաջարկել ստեղծված իրավիճակում միասնական գործելու ուղղությամբ։ Սակայն եթե իշխանությունները գոնե «ի գիտություն» ընդունեցին, ապա որոշ շրջանակներ ներկայիս ծանրագույն փուլում փորձեցին այդ հայտարարության ենթատեքստում այլ նպատակներ տեսնել և, այսպես ասած, մութ սենյակում սև կատու փնտրել։
Սակայն ներկայիս պատերազմական պայմաններում համախմբումն ուղղակի անհրաժեշտություն է բոլոր առումներով, իսկ ձվի մեջ մազ փնտրողներ միշտ էլ կինեն։ Այդպիսինների մասին, որոնք հայտարարության մեջ սահմանադրական կարգի տապալման, պետական հեղաշրջման նյուանսներ ու վտանգ են տեսել, օրինակ՝ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթել յանը շատ ուշագրավ է արտահայտվել. «Գլուխները պատին են տալիս։ Ով այդպես է մեկնաբանում, ուրեմն չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում