Եթե կան այլ առաջարկներ, ապա կարող ենք քննարկել. Արման Ղուկասյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ևս միացել է օրերս Հայաստանի արտախորհրդարանական 13 քաղաքական ուժերին, որոնք Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունից պահանջել են հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին, որը պետք է ունենա որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն։
Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախաձեռնությանը՝ նշեց, որ պատերազմի հրամայականը միասնական լինելն է: Ուստի, դրանով է պայմանավորված նախաձեռնությանը միանալու կուսակցության քայլը:
«Այսօր է այն ժամանակը, երբ բոլոր տարաձայնությունները՝ ներքին օրակարգային և այլ հարցերը պետք է մի կողմ դնել և համախմբվել: Մեր կուսակցությունն էլ շատ տարաձայնություններ ունի նախաձեռնությանը միացած այլ կուսակցությունների հետ, բայց մենք մի կողմ ենք դրել նաև դրանք և վստահ ենք, որ այսօր պետք է բոլորի հնարավորությունները, փորձը մեկտեղել և միասին կերտել մեր ընդհանուր հաղթանակը: Այդ է պատճառը, որ միանալով քաղաքական ուժերի կողմից տարբեր քննարկումներին, արդյունքում հանգեցինք նրան, որ պետք է ինստիտուցիոնալիզացնել ձևաչափը, ձևավորել օպերատիվ շտաբ, որը պետք է ունենա որոշակի լիաորություններ: Ու թեև եղան տարբեր գնահատականներ, փորձ արվեց այն դիտարկել իշխանությունից լիազորությունները վերցնելու փորձ, բայց պետք է նշեմ, որ դա իրականության հետ որևէ աղերս չունի: Վերջնական որոշումներ կայացնողը, միևնույն է, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ վարչապետն է, և խոսքն ընդամենը այն մասին է, որ պետք է բոլորին հնարավորություն տալ իրենց փորձը ներդնելու, ուժերը մեկտեղելու և երկրին օգտակար լինելու համար: Մեր քաղաքական ուժը հենց այս նպատակով է միացել նախաձեռնությանը»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Կուսակցության ղեկավարի խոսքով՝ իրենց ակնկալիքը երկրի իշխանություններից՝ շտաբ ձևավորելու դետալները վարչապետի հետ քննարկելն է, քանի որ միանշանակ այն բխում է միասնականության տրաբամանությունից: Պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է այն կարծիքը, որ այդ քայլը որակվում է որպես իշխանությունների դեմ պայքարի երկրորդ ճակատ բացելու հնարավորություն, Ա. Ղուկասյանը նշեց, որ նպատակը ռազմական և դիվանագիտական ճակատում բեկում մտցնելու մասին է և ոչ թե ընդդեմ իշխանությունների գործելը:
«Ամենակաևորն այն է, որ այդ օպերատիվ շտաբը կարողանա գործել վարչապետի անմիջական գլխավորությամբ: Այսինքն՝ օպերատիվ շտաբը ինքնուրույն չի գործելու: Ինչ վերաբերում է այլ ձևաչափով սատարելուն, ապա, նշեմ որ, բանականություն ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այսօր միավորված է պետության շուրջ, քանի որ բոլորիս միակ խնդիրը միասնական պետական շահն է: Եվ այստեղ որևէ ինտրիգի մասին խոսք լինել չի կարող: Կարծում ենք, որ ինստիտուցիոնալ առումով անհրաժեշտ է կոնսոլիդացնել բոլոր ուժերը, ուստի մենք նման ձևաչափ ենք առաջարկել: Եթե կան այլ առաջարկներ, ապա կարող ենք քննարկել, բայց կարծում եմ ժամանակը սուղ է և նախաձեռնությունը քննադատելով և ծայրահեղ գնահատականներով չեն նպաստում գործընթացների առավել արդյունավետ իրականացմանը: Ես ուզում եմ բոլորին կոչ անել այս օրերին զսպվածություն ցուցաբերել և փորձել միասնական ուժերով հանդես գալ, որպեսզի բոլորս միասին կերտենք հաղթանակը»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Հասմիկ Բալայան