Անձնական կարծիքներն ու առավել ևս վերաբերմունքը բացարձակ կարևոր չեն. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ծանրագույն այս օրերին անընդհատ խոսվում է միասնականության անհրաժեշտության մասին: Այդպես պիտի լինի, չկա այլ ճանապարհ: Ու մեծամասամբ այդպես էլ կա, դրա վկայությունն են թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների ակցիաները, թե՛ ֆինանսական հոսքերը, թե՛ կամավորականների հսկայական քանակը, թե՛ ընդհանրապես բոլորի ջանքերը՝ ամեն ինչ ուղղել դեպի առաջնագիծ, դեպի միասնական հաղթանակ: Բայց այս մթնոլորտում միասնականության մեջ պիտի լինեն բոլորն անխտիր՝ առանց մութ սենյակում կատու փնտրելու, առանց ձվի մեջ մազ փնտրելու, առանց մեկին սիրելու և մյուսին ատելու նախկին զգացումներից: Այս փուլում դրանք անցյալում պետք է թողնել, միայն ԱՆՑՅԱԼՈՒՄ:
Ո՛չ ներկայում և ո՛չ էլ ապագայում: Որովհետև հաղթանակին ու միասնականությանը չեն կարող նպաստել որոշ շրջանակների կողմից հնչող սպառնալիքները, թե հաղթանակից հետո տեսեք՝ ինչ ենք անելու, թե հաղթանակից հետո «կնստեցնենք իրենց տեղը», առավել ևս կոչերը՝ հենց հիմա բռնել, ձերբակալել բոլոր նրանց, ովքեր «համարձակվում» են որևէ առաջարկ ներկայացնել կամ կարծիք հայտնել՝ օգտակար լինելու մղումով: Որևէ մեկի, որևէ ուժի լավն ու վատը, առավել ևս մեզանից որևէ մեկի անհատական, անձնական կարծիքն ու վերաբերմունքը նրանց հանդեպ այս պահին ոչ միայն կարևոր չեն, այլև բացարձակ անիմաստ են, իսկ այդ թեմայով բոլոր խոսակցությունները՝ դատարկաբանություն:
Կարևոր են բոլորի մասնակցությունն ու ներդրումը, կարևոր են յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր կազմակերպության, յուրաքանչյուր քաղաքական կամ հասարակական միավորի կողմից՝ հիմա, հանուն ընդհանուր շահի իրականացվող քայլերը: Պարզապես հարկավոր է գիտակցել իրականության լրջությունն ու սթափվել: Եվ ընդհանրապես, իրականության աչքերի մեջ պետք է շիտակ նայել...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում