Մենք գրել էինք, որ նախօրեին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ողջ իրավիճակը, որն այնքան էլ հուսադրող չի եղել, եւ ներկաներին է մատուցել մի նամակ, որը կարեւոր ինֆորմացիա է պարունակել։ Ներկաներին հորդորել են որեւէ կերպ չգաղտնազերծել այդ նամակը՝ դա կվնասի Հայաստանին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանին հարցրինք՝ պարոն Հարությունյանն ինչ-որ նամա՞կ է փոխանցել վարչապետ Փաշինյանին, եթե այո, ապա ի՞նչ բովանդակությամբ։ Սակայն ԱՀ նախագահի խոսնակը վստահեցրեց, որ որեւէ նամակ Արայիկ Հարությունյանը չի փոխանցել, եւ հարկ համարեց շեշտել, որ Արցախում հիմա, երբ Ադրբեջանը չի պահպանում հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված երկրորդ պայմանավորվածությունը, կարծում են, որ պայքարն է միակ ճանապարհը․ «Բանակցային գործընթացի հետ կապված՝ առաջին օրվանից մինչ օրս աշխատանքներ տարվում են, գիտեք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերվեց հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն, հետագայում եւս մեկ պայմանավորվածություն եղավ, երկու անգամ էլ Ադրբեջանը չպահեց պայմանավորվածությունը։
Սա նշանակում է, որ մեր ժողովուրդը եւս մեկ անգամ պետք է սթափ գնահատի իրավիճակը, եւ հասկանանք, որ խնդիրն առաջին հերթին այս պահին լուծվում է ռազմաճակատում»։ Հարցրինք՝ իսկ հնարավո՞ր է պարոն Հարությունյանը, այդուհանդերձ, գրագրություն է ունեցել Փաշինյանի հետ, որի մասին ինքը տեղյակ չէ։ Պողոսյանը վստահեցրեց՝ ոչ, եթե նման բան լիներ, ինքը կիմանար։ Նշենք, որ նամակի պատճենը շրջանառվում է քաղաքական շրջանակներում, եւ Փաշինյանն անձամբ է այն ներկայացրել նախօրեի հանդիպմանը։