Հանրապետությունում դժվարանցանելի ճանապարհներ կան. տասնյակ մեքենաներ արգելափակվել են
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Ստեփանավանում, Սևանում առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:
Միաժամանակ, ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 18:36-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան եւ մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ:
Փրկարարների, ՃՇՇ եւ ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս եւ 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանված են 44 բեռնատար, որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը: