ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուր է շեղել Սերժ Սարգսյանը բոլորի ուշադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության փոփոխությամբ Սերժ Սարգսյանը նկատելիորեն ակտիվացրել է Հայաստանի ներքաղաքական գործընթացների դինամիկան: Ընդ որում, այդ ակտիվությունն ունի մի առանձնահատկություն՝ Սերժ Սարգսյանը իր քայլով դինամիկան մեծացրել է, ակտիվացրել, սակայն ըստ էության իր պատասխանատվության աստիճանը թողել է անփոփոխ: Այսինքն՝ նա քայլը կատարել է, սակայն, ըստ էության, չի վերցրել իր վրա այդ կատարած քայլին համարժեք պատասխանատվություն: Սա Սերժ Սարգսյանի կառավարման ոճին բնորոշ իրողություն է, որը շարունակվում է նախագահության ողջ ընթացքում:

Տվյալ դեպքում խնդիրը այլ է: Սարգսյանը փաստորեն արել է քայլը և քաշվել մի կողմ, իսկ ողջ ներքաղաքական և ներիշխանական դաշտը հայտնվել է այդ քայլի ազդեցության գոտում, և քննարկումներ են ընթանում նոր կառավարության շուրջ: Այս կոնտեքստում առաջ է գալիս մի հարց. ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը գնացել այդ ակտիվացմանը: Համընդհանուր տեսակետը կամ գերիշխող տեսակետն այն է, որ այդ ակտիվացումը թելադրվել է նախընտրական տրամաբանությամբ և երկրում իսկապես շատ վատ սոցիալ-տնտեսական իրավիճակով, որը Սերժ Սարգսյանին պարտադրում էր անել գոնե այնպիսի քայլեր, որոնք նվազագույն հույսեր կառաջացնեն հասարակության մոտ:

Սրան զուգառեռ՝ մյուս մոտիվը, իհարկե, թելադրվում էր հենց կառավարման ոճական մոտեցումից, որում առանցքային նշանակություն ունի այն, թե որքան շատ, միևնույն ժամանակ որքան հավասարակշռված են ներիշխանական մրցակից բևեռները կամ թևերը: Սերժ Սարգսյանը փաստորեն ակտիվացրել է, «վերբեռնել» է նաև այս հանգամանքը՝ այդպիսով բարելավելով իր համար ներիշխանական կառավարելիության աստիճանը:

Սակայն, այս ամենով հանդերձ, կա մի հանգամանք, որը մնացել է համընդհանուր ուշադրությունից դուրս: Դա արտաքին ոլորտն է: Սերժ Սարգսյանը սկզբնական շրջանում ծրագրում էր փոփոխություններ կատարել նաև այս ոլորտում, փոխել արտգործնախարարին, սակայն հետո հրաժարվեց այդ մտադրությունից: Հանրությունը չունի պատասխան, թե ինչու: Ընդ որում, այդ հանգամանքի վրա հանրային ուշադրությունն առանձնապես չծանրացավ էլ:

Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում, երբ Սերժ Սարգսյանը կատարում է ներքին իրավիճակը թեժացնող, ակտիվացնող քայլ, իսկ ինքը, ըստ էության, քաշվում է մի կողմ: Ստացվում է, որ հանրությունն ակտիվորեն զբաղվում է ներքին կյանքով, այդ թվում՝ հասարակական-քաղաքական սուբյեկտները և արտաքին ոլորտը փաստորեն էապես հեռանում են հասարակական ուշադրությունից: Սա ինքնաբերաբար չի նշանակում, որ այդ ոլորտում կատարվելու է ինչ-որ բան, որում Սերժ Սարգսյանը խիստ անցանկալի է համարում հանրային ուշադրությունը: Սակայն երբ արտաքին ոլորտը հանրային ուշադրությունից մնում է զգալիորեն դուրս, երբ հասարակական-քաղաքական ակտիվ դերակատարներն ու խմբերը արտաքին հարթությունը որոշակիորեն բաց են թողնում և գերկենտրոնանում ներքին իրողությունների վրա, հատկապես աշխարհաքաղաքական բարդ ու լարված դիմակայության պայմաններում, դա կարծես թե դառնում է խնդրահարույց:

Եվ այս իմաստով, ի դեպ, շատ հետաքրքրական է, որ նոր կառավարությունը, որի ձևավորումը ներքին այդ ակտիվացման ըստ էության գեներատիվ հիմքն էր, առ այսօր մեծ հաշվով որևէ սկզբունքային անդրադարձ չի կատարել արտաքին խնդիրներին, նոր վարչապետը առ այսօր շրջանցել է արտաքին հարթությանն առնչվող սկզբունքային հարցերը, թեև կառավարության ծրագրում խոսվում է անվտանգությունն ուժեղացնելու համար ամեն ինչի պատրաստ լինելու մասին: Իսկ դա չի կարող լինել առանց արտաքին ուղղության վրա սկզբունքային պատասխանատվության, որը, սակայն, նոր կառավարությունը հասարակության առաջ, ըստ էության, չի ստանձնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular