ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսության հեռանկարի «ճանապարհային քարտեզը»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօր, երբ ռազմական գործողությունները չեն դադարել և բանակցային գործընթաց սկսված չէ, արդեն ակնհայտ են այն տնտեսական խնդիրներն ու բարդությունները, որոնք ծառանալու են մեր երկրի առջև՝ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո: Փաստացի մեր առջև կանգնելու է Արցախում բնականոն կյանքը վերականգնելու լրջագույն հարցը. համարյա չկա բնակավայր, որտեղ ավերածություններ չլինեն: Ակնհայտ է նաև, որ միայն Հայաստանն ու հայկական իշխանությունները միայնակ չեն կարողանա հաղթահարել դրանք: Միանշանակ է, որ մեզ անհրաժեշտ կլինի նաև սփյուռքի տնտեսական ներուժի ներգրավումը: Ապացուցման կարիք չունի այն պարզ ճշմարտությունը, որ տնտեսական քաղաքականությունը և դրա արդյունքներն իրապես կկանխորոշեն հետպատերազմյան մեր զարգացման հնարավորությունները:

Ըստ էության, ՀՀ-ի պարագայում ստեղծված իրավիճակից դուրս գալու և տնտեսության զարգացման համար, գլխավոր խնդիրը լինելու են ներդրումները: Ընդ որում, խոսքը պետք է գնա ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններով հագեցած ներդրումների մասին: Այստեղ ֆիքսենք մի առանցքային հարց․ արդյո՞ք, այն բանակցային գործընթացը, որը կսկսվի կամ այն զինադադարը, որին կարող ենք հասնել, կպարունակի՞ թեկուզ նշույլ անգամ մտահոգություն, որ ռազմական գործողությունները կարող են կրկնվել: Եթե նման մտահոգություն եղավ, մեր երկիր ներդրումներ ներգրավելու հնարավորություններն էապես բարդանալու են: Այդ պատճառով, շատ էական է, թե ինչով է ավարտվելու պատերազմը՝ անժամկետ հրադադա՞ր, ինչպես 1994-ի համաձայնագիրն էր, թե՞ խաղաղության պայմանագիր, որը կարող է որակապես նոր իրավիճակ ստեղծել մեր երկրում:

Եվս մեկ անկյունաքարային նշանակության հարց, որը նույնպես էական է. արդյո՞ք այս պատերազմական գործողությունների արդյունքում կարող են առաջանալ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիաներ: Եթե այո՝ ինչպիսի՞ք կլինեն դրանք, և որքանո՞վ երաշխավորված կլինի հայկական պետությունների անվտանգությունը: Սրանք հարցեր են, որոնք տնտեսական քաղաքականություն ձևավորելու համար կարող են շատ էական նշանակություն ունենալ: Բայց անկախ այս ամենից, հիմնական շեշտը պետք է դրվի ժամանակակից կարողություններով ներդրումների ներգրավման վրա: Ակնհայտ է, որ ներդրողների ներգրավման հարցում առանձնահատուկ դերակատարում պետք է հատկացնել տնտեսական դիվանագիտության կայացմանը: Մեր դիվանագիտական պոտենցիալը՝ տնտեսական քաղաքականությանը կամ ներդրումների ներգրավմանը, արդյունավետ չի ծառայեցվում, քանի որ չկա այդ համակարգը: Մենք դեռ պետք է այս պատերազմը վերլուծենք ոչ միայն ռազմական, այլ գիտատեխնիկական առումով: Պետք է հասկանանք, որ Հայաստանի նման պետությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի ռազմաարդյունաբերությանը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular