ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական շուկայում առկա են գնաճի ռիսկեր

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱՎԿ հրապարակած տվյալներից հայտնի դարձավ, որ Հայաստանում պաշտոնական գնաճը ցածր է․ ինն ամիսների տվյալներով՝ այն կազմել է 1,4 տոկոս։ Չնայած դրան, վերջին շրջանում պարենային և ոչ պարենային որոշ ապրանքների շուկաներում, որտեղ առկա է պահանջարկի որոշակի աճ, նկատվում է գների բարձրացում։ Օգտվելով առիթից՝ առանձին տնտեսվարողներ փորձում են հավելյալ շահույթներ ստանալ։ Փաստացի նման վարքագիծը, առավել ևս՝ պատերազմական այս իրավիճակում, ոչ միայն անթույլատրելի է, այլև խստորեն դատապարտելի է և պետք է պատժվի։ ՏՄՊՊՀ-ն, որքան էլ որոշ դեպքերում կաշկանդված է իր գործառույթների մեջ՝ միջամտելու նման դրսևորումներին, չպետք է անարձագանք թողնի գների անհարկի և չպատճառաբանված բարձրացումները։

Նշենք, որ վերջին շրջանում պարենային ապրանքների շուկայում նկատվել է որոշ հացամթերքների թանկացում․ մասնավորապես՝ արձանագրվել է մակարոնեղենի, բրնձի, հնդկաձավարի, ոսպի և մի շարք այլ ապրանքատեսակների գնաճ։ Որոշ տեսակաների գները բարձրացել են ընդհուպ մինչև 10 տոկոսով։ Այս փաստը ևս առանձին ուսումնասիրման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե ինչ սկզբունքով է այս թանկացումը տեղի ունեցել։ Մինչ այդ ենթադրվում է, որ այդ շուկաներում, հասկանալի պատճառներով, տեղի է ունեցել սպառողական պահանջարկի որոշակի աճ, ինչից էլ հավանաբար օգտվել են ոլորտի մասնակիցները։ Սակայն պահանջարկի աճը հիմնավոր պատճառ չէ գները բարձրացնելու համար։ Հատկապես, որ առաջարկի հետ կապված խնդիր կարծես չկա։ Չնայած պատերազմական իրավիճակին` սպառողական շուկայում մատակարարումները բնականոն շարունակվում են։ Այլ հարց է, եթե գների բարձրացումը միջազգային շուկաներում տեղի ունեցող դրսևորումների հետևանք է։ Թեև այնպես չէ, որ ներքին շուկայի զարգացումները մշտապես կապված են միջազգային շուկաների հետ։ Նման երևույթներ նախկինում շատ ենք հանդիպել։ Դրանք, ըստ էության, պահպանվում են նաև հիմա, որքան էլ վերջին շրջանում հսկողությունը շուկայի նկատմամբ բավական մեծացել է։ Խնդիրը, իհարկե, միայն հսկողությունը չէ։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սպառողական բազմաթիվ շուկաներ գտնվում են բարձր կենտրոնացվածության վիճակում։ Առանձին դեպքերում էլ պարզապես գործ ունենք շուկայի մասնակիցների արհեստական տարանջատումների հետ։ Իրականում դրանք ղեկավարվում են նույն կետից։ Մի բան, ինչը չի նպաստում մրցակցային գների ձևավորմանը։ Զարմանալի չէ, որ շուկայի տարբեր մասնակիցների մոտ գները կարող են բարձրանալ և իջնել միաժամանակ։ Այդպիսի դրսևորումները մրցակցային շուկայի կանոններից դուրս է և պայմանավորված է հիմնականում հակամրցակցային համաձայնություններով։ Այս ամենը, թերևս, շուկայի ցածր մրցակցության, բարձր կենտրոնացվածության, թույլ կարգավորվածության ու ոչ պատշաճ վերահսկողության հետևանք է, ինչից էլ օգտվում են հայտնի ու անհայտ խաղացողները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular