ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Նավասարդյանը՝ Թրամփի հիասթափության և դրա դիվանագիտական տողատակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարը չպահպանելու պատճառով հիասթափվելու մասին արտահայտության դիվանագիտական ենթատեքստին, նշեց, որ երբ փորձ է արվում որևէ երկրի առաջնորդի խոսքերի արանքում դիվանագիտական տողատակեր փնտրել, դրանից առաջ նախ հարկավոր է հաշվի առնել, թե ով է այդ արտահայտության հեղինակը:

«Այս առումով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան հեռու է դիվանագիտությունից, որքան երկինքը երկրից: Իսկ եթե ԱՄՆ նախագահը պետք է ինչ-որ քայլ իրականացներ, ապա դա պետք է աներ հիասթափվելու փոխարեն, քանի որ, իրականում, կարող է ազդել Թուրքիայի վրա հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Դիվանագետի դիտարկմամբ՝ Էրդողանը երեք անգամ հաշվի չառնելով հրադադարի պայմանավորվածությունը, ցույց տվեց, որ բացարձակ հաշվի չի առնում նաև երկու խոշոր գերտերությունների ղեկավարներին և մինչ օրս Ադրբեջանի հետ շարունակում է իր բարբարոսական գործողություններն իրականացնել: Ինչ վերաբերում է կոնկրետ ԱՄՆ-ի պատասխանին, ապա մի քանի օր է մնացել նախագահական ընտրություններին, և մինչև այն չավարտվի, ԱՄՆ-ից որևէ խոսք սպասել պետք չէ:

«Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների գործողություններին, ապա կարող եմ ասել, որ այս պահին ես որևէ կոնկրետ գործողություն չեմ տեսնում: Եվ ընդհանրապես, եթե որևէ մեկը պետք է կանգնեցնի թուրք-ադրբեջանական գործողությունները, ապա դա պետք է միայն Ռուսաստանը լինի: Սա մենք պետք է լավ հասկանանք, իսկ Ռուսաստանը ե՞րբ կոնկրետ կգնա այդ քայլին՝ դժվար է ասել, քանի որ դա պայմանավորված է մի շարք աշխարհաքաղաքական բարդ խնդիրներով, որի մեջ մենք, փաստացի, հայտնվել ենք Արցախյան պատերազմի շրջանակներում»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Հարցին, թե կիսո՞ւմ է այն տեսակետը, որ ԱՄՆ նախագահը Դ. Թրամփը լինելով կտրուկ և անկանխատեսելի քայլերի սիրահար՝ կարող է ընտրություններից առաջ Արցախի հարցի վերաբերյալ ինչ-որ քայլ ձեռնարկել, որպեսզի հայ ընտրողների ձայները շահի, Ա. Նավասարդյանն ասաց.

«Կա նաև փորձագետների այդօրինակ կարծիք, որն իմ կարծիքով տարբերակներից մեկն է, բայց լավ ծանոթ լինելով ամերիկյան քաղաքական խոհանոցին և ընտրական համակարգին, կարող եմ ասել, որ այն բավական բարդ համակարգ է: Բացի այդ, այն նահանգներում, որտեղ հայերը շատ են, չեն կարող ազդեցություն ունենալ Թրամփի ձայների քանակի վրա: Այնուամենայնիվ, հույս կապել այս կամ այն միջազգային կառույցի հետ, ես կարծում եմ, չի կարելի: Ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում, քանի որ խաղաղությանն ուղղված բոլոր թեզերը հակառակորդի համար ոչինչ չեն նշանակում»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Դիվանագետի խոսքով՝ հարցը միայն Արցախին չի վերաբերում, ուստի հարկավոր է Թուրքիային անպայման չեզոքացնել: Հակառակ դեպքում նա կսկսի հայաթափել նաև Հայաստանը:

«Էրդողանը 61 երկիր է նշել, որոնք պետք է մտնեն իր պատկերացրած կայսրության մեջ: Այդ ցանկի առաջին կետում են Արցախը և Հայաստանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն վերածվել է Թուրքիայի նահանգի, քանի որ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ այլևս գոյություն չունի: Պետք է հաշվի առնել նաև, որ Ադրբեջանն այլևս որևէ հարց լուծելու ոչ ձայն ունի, ոչ էլ կարողություն, քանի որ ամբողջովին գտնվում է Անկարայի հսկողության տակ»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular