Կամավորների ջանքերով կարված քնապարկերը և անձրևանոցներն ուղևորվում են Արցախ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Այս օրերին հասարակական նախաձեռնությունները շատ են ու բազմազան, բայց բոլորը մեկ ընդհանուր նպատակի են ծառայում։ Յուրաքանչյուրը փորձում է ձեռքից եկածն անել բանակի, Հայաստանում հաստատված արցախաբնակ ընտանիքների համար։ Ցանկանում են բոլորին ուշադրության կենտրոնում պահել՝ հասկանալով պահի լրջությունը։ Վանաձորում արդեն մի քանի օր է՝ ինչ քնապարկեր և անձրևանոցներ են կարում։ Նախաձեռնության մասնակիցներից Տիգրանն ասում է՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատերազմական այս օրերին պատահաբար հանդիպեց ընկերոջը՝ Արտուշին։ «Ասեց արտադրամաս կա, դեռ Խորհրդային Միությունից մնացած հին կարի մեքենաներ, ուզում ենք դրանք աշխատեցնել և բանակի համար անհրաժեշտ անձրևանոցներ և քնապարկեր կարել։ Հենց հաջորդ օրը հավաքվեցինք, մեխանիկներ եկան, վերանորոգեցին, հետո սկսեցինք զբաղվել հումքի ու կամավորների փնտրտուքով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանը։
Նշում է՝ վերջացնում են անձրևանոցների արտադրությունը և սկսում քնապարկերինը։ «Դրանք շարունակում են անհրաժեշտ ապրանքների ցանկում մնալ, անձամբ զինվորների հետ ուղարկում ենք առաջնագիծ։ Այս ողջ ընթացքում կապի մեջ ենք եղել Վանաձորի զինկոմիսարիատի հետ, ճշտումներ կատարել, թե ինչն է ավելի անհրաժեշտ։ Զինվորական պաշտոնյաների հետ խորհրդակցել ենք, թե ինչն է ավելի կարևոր, որպեսզի մենք էլ ապարդյուն չվատնենք մարդկային և, իհարկե, նաև հումքի ռեսուրսները»,-նշում է մեր զրուցակիցը։ Տիգրանը հավելում է՝ այս օրերին միասին աշխատող կամավորները մարդիկ են, որոնք իրար նախքան սա ընդհանրապես չեն էլ ճանաչել։ «Արձագանքել են սոցիալական ցանցում տեղադրված հայտարարություններին, կոորդինացրել ենք աշխատանքը, և այսօր բոլորը շատ համերաշխ աշխատում են միասին։ Այսօր կարի ֆաբրիկան հարմարեցրել ենք Արտուշի տան առաջին հարկում։ Այս աշխատանքում ներգրավված է նաև նրա ընտանիքը։
Հարևաններն են գալիս ու օգնում, անգամ թաղի պապիկներն են օգնության հասնում՝ մեքենաները վերանորոգելու հարցում։ Հումքը ձեռք ենք բերել մեր բոլորի ընկերների աջակցությամբ, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Մարդիկ կան՝ զանգում են, ասում՝ կտոր ունենք, գնում ենք, վերցնում։ Օրերս արձագանք եղավ Անապայում բնակվող մեր հայրենակիցներից, գումար են փոխանցել, քնապարկերի համար անհրաժեշտ հումք են ձեռք բերել։ Մեր փոքրիկ պատմությունն այսօր այս փուլում է»,-եզրափակում է Տիգրանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում