«Ամբոխի հոգեբանությունից» ազատվել է պետք. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Երեկ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ վերակառուցելու է թուրք-ադրբեջանական հրոսակների ու հանցագործ ահաբեկիչների կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը: Անկեղծ ասած, միանշանակ սպասելի էր այս հայտարարությունը, ու խոսքն այս դեպքում նրա պատրաստակամության մասին չէ: Երեկ ողջ օրը բոլորը ծափահարում, ողջունում էին նրա քայլը, հպարտանում նրանով: Այնինչ, նույն այդ ծափահարողների մեջ քիչ չեն նրանք, որոնք որոշ ժամանակ առաջ պատրաստ էին «բզկտել» Հայաստանի համար այդքան ներդրում ունեցող այդ մարդուն՝ կարծիք հայտնելու կամ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու գրավի մի մասը վճարելու համար: Ամբոխի այդ նույն հոգեբանությամբ նախօրեին էլ սոցցանցերում ոմանք «բզիկ-բզիկ» էին անում «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանին, ինչ է թե նա «համարձակվել» էր սեփական կարծիքն ունենալ: Այնինչ, Մատենադարանի բացմանը կամ այլ բարեգործությունների ժամանակ պատրաստ էին աստվածացնել:
Ստացվում է, որ երկրի, ժողովրդի ու պետության համար զգալի գործ արած ու անող մարդիկ (ու սա շատերին է վերաբերում), կյանքի ճանապարհ անցած մարդիկ, մեծ փորձառություն ունեցող մարդիկ պետք է անընդհատ տան, բայց կարծիք ունենալու և հայտնելու իրավունք չունե՞ն: Փոխարենը դրա իրավունքն ունեն բազմոցում հարմար նստածները, որ համակարգչի դիմաց հերոսներ են, սոցցանցերում (միայն սոցցանցերում) ինքնահաստատվում են, կարգադրում են կռվել, կրակել, գրավել Բաքուն, սովորեցնում են ինչպես բանակցել, ինչպես պատերազմել, ինչպես... ապրել, որոշում են՝ ով իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով իրավունք ունի կարծիք ունենալ, ով՝ ոչ: Էլ չենք խոսում նրանց մասին, որոնք կարող են ուրախանալ հայ մարդու մահով, մաղթել, որ «տարոսն» այլոց լինի, ինչ է թե այդ մարդը կամ մարդիկ այնպես չեն մտածում ու դատում, ինչպես «ամբոխի հոգեբանություն» ունեցողները: Սա արդեն ստորության կատարելությունն է, սա մերը չէ: Ու նորից՝ սթափվել է պետք, լրջանալ, ձերբազատվել նշյալ հոգեբանությունից ու ապրել մարդու պես, ՀԱՅ ՄԱՐԴՈՒ պես...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում