ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը անկանխատեսելի երևույթ է և մենք պետք է բոլոր ռեսուրները կենտրոնացնենք՝ հաղթանակի համար. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ Նիկոլ Փաշինյանը իր ելույթների ու հարցազրույցների ժամանակ հայտարարում է, որ հայկական կողմը դեմ չէ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով: Նա նշում է նաև, որ այդ որոշումը պետք է ընդունելի լինի հակամարտող մյուս կողմի համար ևս: Ընթացող պատերազմական գործողությունների ֆոնին, երբ բոլորի ջանքերը մեծ հաշվով ուղղված են առաջին հերթին հրադադարի պահպանման և տարածաշրջանում կոնֆլիկտի կանխմանն ուղղված քայլեր ձեռնարկելուն, հարց է ծագում, թե ի՞նչ մեսիջ կարող է պարունակել վարչապետի այսօրինակ հայտարարությունը: Այս և այլ հարցերի շուրջ է 1or.am-ի զրույցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ:

 - Պարոն Սուրենյանց, Ձեր կարծիքով՝ վարչապետի այս ուղերձն ի՞նչ մեսիջ է պարունակում: 

 - Եթե խոսքը խաղաղապահներ տեղակայելու մասին է, ապա օբյեկտիվ և բնական կլինի, որ այն ռուսական կողմից լինի: Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ փորձում է վարել այսպես ասած՝ հավասար հեռավորության քաղաքականություն: Այսինքն՝ փորձում է հնարավորինս նեյտրալիտետ պահպանել հակամարտության ժամանակ: Սակայն, երկար տարիներ զբաղվելով կոնֆլիկտաբանությամբ, ուզում եմ հետևյալ արձանագրումն անել. ընդհանրապես խաղաղապահների հարցը կարգավորման կոնտեքստից կտրված չի կարելի քննարկել: Այսինքն՝ կողմերը նախ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում պետք է որոշակի առաջընթացի հասնեն, նոր այդ համատեքստում կարող են քննարկվել խաղաղապահների հարցը: Հակառակ դեպքում հասկանալի չէ խաղաղապահ առաքելության մանդատը, նրանց գործունեության տարածքը և այլն: Եթե չկա հրադադար կամ բանակցային ձևաչափ, ապա խաղաղապահների տեղակայման նախադրյալ չկա, քանի որ պատկերացում չկա անգամ շփման գծի մասին: Այսինքն՝ ինչքան էլ հայկական կողմը այս հարցը կարևորի խաղաղության հաստատաման կամ հրադադարի հաստատման անհրաժեշտության համատեքստում, խաղաղապահների հարցը չի կարող ակտուալ լինել այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Երևանը և Բաքուն կարգավորման որևէ տարբերակի շուրջ համաձայնության չեն հասել:

 - Այդ դեպքում ինչքանո՞վ է այսօր ակտուալ խաղաղապահների տեղակայման մասին խոսելը, քանի որ Մինսկի խմբի համանախագահող երկրների և միջազգային այլ կառույցների ջանքերն այս փուլում առաջին հերթին ուղղված են պատերազմական գործողությունների դադարեցմանը

 - Այո, բոլորի ջանքերը դրան են ուղղված, բայց պետք չէ մոռանալ, որ Թուրքիան շահագրգռված չէ խաղաղության հաստատմամբ, քանի որ պատերազմի միջոցով փորձում է իր ազդեցությունն ընդլայնել Հայավային Կովկասում կամ Ռուսաստանի հետ դառնալ հակամարտության կարգավորման մենեջերներից մեկը: Հետևաբար, պաշտոնական Անկարան ամեն կերպ խրախուսում է Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: Եվ  ակնհայտորեն թուրք-ադրբեջանական տանդեմը տորպեդահարում է հրադադարի հաստատման բոլոր նախաձեռնությունները: Իհարկե, հայկական կողմը մտածում է, որ խաղաղապահների գաղափարն առաջ քաշելով կարող է նպաստել հրադադարի հաստատման հեռանկարին, բայց քաղաքականության մեջ պետք է իրատես լինել և առանց կարգավորման շուրջ որևէ համաձայնության, խաղաղապահների թեման մշուշոտ և ոչ առարկայական է թվում: Համենայն դեպս, ես չգիտեմ այնպիսի կոնֆլիկտ, որի կարգավորման ժամանակ առաջին պլանում խաղաղապահների խնդիրը դրված լինի:

 -Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հայտարարեց, որ պետք է այնպիսի լուծում գտնել, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ձեր կարծիքով սա ինչ մեսիջ էր պարունակում:

 - Ռուսաստանի նախագահը ևս առաջին պլան բերեց հրադադարի ռեժիմի պահպանումը, նոր միայն քաղաքական համաձայնությունն ու դրանից բխող քայլերը: 

 - ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը ենթադրեր, որ պատերազմը երկարելու է, ապա չէր սանձազերծի այն: Համաձա՞յն եք այս մոտեցման հետ:

 - Ադրբեջանն ու Թուրքիան իհարկե շեշտը դրել էին կայծակնային պատերազմի վրա, որը ակնհայտորեն ձախողվել և տապալվել է: Բայց ես չեմ կարծում, որ պատերազմ սկսող կողմը մեկ սցենար է ունենում պատերազմից առաջ: Այո, նրանց նպատակը բլից-կրիգն էր, բայց համաձայն չեմ, որ նրանք այլ սցենարներ չեն քննարկել:

  - Այսինքն, կարծում եք, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը կսկսե՞ր պատերազմել:

 - Այո, ամեն ինչից երևում էր, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու էր: Եվ եթե գլոբալ դիտարկենք խնդիրը, ապա կնկատենք, որ ողջ աշխարհում միջազգային ինստիտուտների և իրավունքի արժեզրկում էր տեղի ունենում, այսինքն՝ զսպող գործոնները թուլանում են: Դրան հավելենք, որ մի շարք պատճառներով մեր տարածաշրջանում անվտանգության վակում էր առաջացել. ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, պանդեմիան ինստիտուցիոնալ առումով կատարյալ ճգնաժամի առջև է կանգնեցրել Եվրամիությանը և եվրոպական երկրները չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վրա: Բացի այդ, Մերձավոր Արևելքի էսկալացիայից հետո վաղ, թե՝ ուշ թուրքական նկրտումները պետք է դրսևորվեին նաև Հարավային Կովկասում, քանի որ այն Մերձավոր Արևելքի թիկունքն է, ուստի, թուրքական այսօրվա քաղաքականությունը հուշում էր, որ այն փորձելու է պրոքսի պատերազմի նոր տարածություն ձևավորել: Այսինքն՝ կային օբյեկտիվ բոլոր նախադրյալները, որ պատերազմը սկսվեր: 

 - Որպես զրույցի ամփոփում՝ ի՞նչ ունենք այս պահին և ո՞ւր ենք գնում:

- Այսօր բավականին բարդ իրավիճակ ունենք, քանի որ պատերազմական գործողությունները կանգնեցնելու երեք փորձերն էլ ձախողվեցին: Բացի այդ, պատերազմի ավելի լայն աշխարհագրություն և ավելի մեծ ծավալներ ստանալու ռիսկեր են հայտնվում: Իհարկե, մենք ձգտում ենք միայն հաղթանակի, և այս հարցում հայկական համազգային միասնական կոնսենսուս կա, բայց պատերազմը անկանխատեսելի երևույթ է և մենք պետք է բոլոր ռեսուրները կենտրոնացնենք ռազմաճակատում և դիվանագիտական հարթությունում՝ հաղթանակի հասնելու համար, քանի որ, ըստ իս գործ ունենք երկարատև դիմակայության հետ՝ իր անկանխատեսելի դրսևորումներով:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular