ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ո՞ւր մնաց պաշտոնական Երեւանը.Հրանտ Մելիք-Շահնազարյանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Իրանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման նոր նախաձեռնությամբ: Երեկ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի՝ Մոսկվա ժամանելուց հետո, հայտնի դարձավ, որ Իրանի, այսպես կոչված, պլանում, գլխավոր դերը հատկացված է տարածաշրջանի երկրներին:

«Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, եւ Ռուսաստանը կարեւորագույն երկրներից է տարածաշրջանում»,- ասել է Արաքչին:

Իրանի պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը ԼՂ խնդրի լուծման հարցում: Հայտնի է, որ նախքան Մոսկվա ժամանելն Արաքչին եղել է Բաքվում: Նախատեսվում է, որ պաշտոնյան կայցելի Երեւան եւ Անկարա: Իրանի՝ սեփական նախաձեռնությամբ հանդես գալն «Առավոտի» հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը նորմալ է համարում այն առումով, որ տարածաշրջանում՝ Իրանի սահմանների մոտ պատերազմական գործողություններ են ընթանում եւ ակնհայտ է մի բան, որ ընթացող ռազմական գործողությունների արդյունքում ուժեղանում է տարածաշրջանում Իրանի հիմնական մրցակիցներից մեկի՝ Թուրքիայի գործոնը: Իրանի՝ սեփական նախաձեռնությամբ հանդես գալն, ըստ մեր զրուցակցի երկու նպատակ ունի. նախ՝ սեփական հետաքրքրությունները ընդգծելը, ապա, եթե այս ամենի արդյունքում տարածաշրջանում պետք է ուժերի վերադասավորումներ լինեն եւ նոր քաղաքական խաղացողներ ներգրավվեն, ապա Իրանը դեմ չի լինի, որ հնարավոր փոփոխությունների արդյունքում ինքն էլ իր քաղաքական ազդեցության դաշտն ունենա Հարավային Կովկասում: Այս դիտարկումները խիստ ընդհանուր են՝ Իրանի նախնական տրամադրությունների մասին, բայց մեր զրուցակիցը ավելի քան համոզված է, որ Իրանի տրամադրություններում կան նաեւ «ստորջրյա քարեր», որոնք այդքան էլ ակնհայտ չեն:

«Ես նկատի ունեմ առաջին հերթին ՌԴ-Իրան հնարավոր համագործակցությունը՝ Թուրքիայի ակտիվությունը տարածաշրջանում կասեցնելու համար: Այս դեպքում մենք խոսում ենք մի սցենարի մասին, որտեղ Թուրքիայի ցանկություններին՝ լինել Հարավային Կովկասում միջնորդ եւ ազդեցիկ քաղաքական ուժ, հակադրվում է եւ, որպես հակակշիռ է դիտարկվում նաեւ Իրանի գործոնը: Եվ այս պարագայում, ՌԴ-ն փորձում է, այսպես ասած, փրկել իրավիճակը Հարավային Կովկասում՝ իրանական գործոնով թուրքական գործոնը հավասարակշռելու մեխանիզմի միջոցով: Պետք է լավ հասկանանք, որ Մոսկվա-Թեհրան հարթության մեջ պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, հեշտ եւ ցանկալի են ՌԴ-ի համար, քան ՌԴ-Թուրքիա հարաբերությունների տիրույթում: Այս տեսակետից, իրանական գործոնն ինչ-որ չափով ծուղակ կամ Թուրքիայի մաքսիմալիզմը սահմանափակող գործոն է»,- ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/10/30/1147810/?fbclid=IwAR3CPUx86R-6qDekSlRAQCG25p7h18Hrrf6DYzXb9NovnUoiDJSWe4rsaM8

© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular