ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոտիները ձգելու հրամայականը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ամեն տարի, ընդունված կարգի համաձայն, մինչև սեպտեմբերի վերջ կառավարությունը պետք է հաստատեր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ուղարկեր ԱԺ, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հերթական ավանտյուրան ու Հայաստանում հայտարարված ռազմական դրությունը փոխեցին իրադրությունը։ Կառավարությունը ոչ հրապարակային հաստատեց բյուջեի նախագիծը և ուղարկեց ԱԺ, որտեղ և այսօր մեկնարկել են բյուջետային քննարկումները։ Ըստ էության՝ ֆիննախն արդեն հրապարակել է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, թեև ենթադրվում է, որ այն առաջիկայում դեռ կփոփոխվի. փաստաթղթում, ըստ ամենայնի, ներկայացված չեն երկրում ռազմական դրության հայտարարման ու Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի տնտեսական հետևանքները, բայց դրանք, անշուշտ, կլինեն։

Դեռևս շատ վաղ է հետևանքների վերաբերյալ ենթադրություններ անելը։ Ամեն ինչ կախված կլինի ռազմական հետագա գործընթացներից։ Անորոշություններն ու ռիսկերն այս առումով չափազանց շատ են։ Ուստի 2021թ. պետբյուջեի ներկայացված նախագիծը դեռ կարող է շատ նախնական լինել։ Ամեն դեպքում, այն, ինչ արդեն հրապարակվել է, թույլ է տալիս որոշակի պատկերացում կազմել հաջորդ տարվա սպասելիքների վերաբերյալ։ Հաջորդ տարի կառավարությունը պլանավորել է ապահովել 1 տրիլիոն 569 մլրդ դրամի եկամուտ։ Այն ավել կլինի այս տարվա ճշգրտված ցուցանիշից 132 միլիարդով։ Բյուջեի նախագծով կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի կհաջողվի ապահովել 1 տրիլիոն 437 մլրդ դրամի եկամուտ։ Թեև ռազմական դրություն հայտարարելուց հետո դրա հետ կապված առաջացել են որոշակի ռիսկեր։ Բյուջեի հարկային եկամուտների ակնկալիքները 1 տրիլիոն 500 մլրդ դրամ են։ Այս տարվա ճշգրտված պլանի համեմատ՝ դրանք ավելացել են 144 միլիարդով։

Ներկայացված նախագծում կառավարությունը կանխատեսել է, որ 2020թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1 տրիլիոն 356 մլրդ դրամ, չնայած այս ցուցանիշն արդեն հիմա հարցականի տակ է։ Կառավարությունն ընթացիկ բյուջեի ներկայացված վերջին փոփոխություններով ակնկալում է, որ հարկային եկամուտներն ավելի քիչ կլինեն։ Ոչ թե 1 տրիլիոն 356 միլիարդ, այլ 1 տրիլիոն 320 միլիարդ։ Այսինքն՝ 36 միլիարդով պակաս։ Դա ըստ էության այն ֆինանսական հետևանքն է, որ կրելու է Հայաստանի տնտեսությունն ու պետական բյուջեն՝ ռազմական իրավիճակի կտրուկ սրացման հետևանքով։ Ուսումնասիրեով փաստաթուղթը՝ ակնհայտ է դառնում, որ ակնկալվող եկամուտների համեմատ ծախսերի տարբերությունը ֆինանսավորելու համար կրկին ստիպված կլինենք պարտք վերցնել։ Պլանավորված է դեֆիցիտի հաշվին ներգրավել 274 մլրդ դրամ։

Այստեղ մեկ առանձնահատկություն կա. բյուջեի հաջորդ տարվա դեֆիցիտի ֆինանսավորման միակ աղբյուրը ներքին միջոցներն են։ Արտաքին հատվածից գումարներ չեն նախատեսվում։ Թեև դա էլ ունի իր պատճառները՝ կապված դեֆիցիտի ավելացման սահմանափակումների հետ։ Կանխատեսվում է, որ հաջորդ տարի կառավարության պարտքը, խոսքն արտաքին և ներքին պարտքի մասին է, կշարունակի գերազանցել համախառն ներքին արդյունքի 60 տոկոսի մակարդակը։ Դա այն առավելագույն սահմանագիծն է, որը ստիպում է շատ ավելի կոշտ բյուջետային քաղաքականություն իրականացնել և զսպել դեֆիցիտի հաշվին հավելյալ ծախսերի իրականացումը։

Ակնհայտ է, որ, ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ՝ ՀՀ տնտեսությունը համավարակից հետո բախվել է մի շարք խնդիրների հետ, որոնք թուլացրել են տնտեսական աճի պոտենցիալը։ ՀՀ պարագայում ավելացել է նաև ադրբեջանաթուրքական ագրեսիան։ Այդ ամենն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև պետական բյուջեի եկամուտների վրա։ Դա ստիպում է ձգել գոտիները և տնտեսական ու ֆինանսական ռեսուրսներն ուղղել ի հայտ եկած նոր մարտահրավերների դիմագրավմանը, թշնամու ագրեսիայի ու դրա հետևանքով երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերի չեզոքացմանը։ Թերևս, սա է պահի հրամայականը, որին պետք է պատրաստել երկրի տնտեսությունն ու պետական միջոցները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular