ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը և ՀՀ տնտեսական վարիացիաները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնի է` նախորդ ամսվա վերանայումից հետո Կենտրոնական բանկը որոշում է կայացրել հոկտեմբերին անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ավելին՝ որքան էլ այս պահին տոկոսադրույքի նվազեցումը գուցե և անհրաժեշտ է ՀՀ տնտեսությանը, այնուհանդերձ ԿԲ-ն այս անգամ դադար է վերցրել։ Ակնհայտ է, որ դրա համար, անշուշտ, կան լուրջ պատճառներ՝ կապված այն ռիսկերի հետ, որոնք վերջին շրջանում ի հայտ են եկել (ադրբեջանա-թուրքական ագրեսիա, ակտիվացող համավարակ)։ Ըստ էության՝ հաշվի առնելով առօրյա ռիսկերը՝ կրկին վերանայվել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը։ Կենտրոնական բանկը հիմա արդեն սպասում է, որ տնտեսական անկումը կլինի 7 տոկոսի շրջանակներում։ Հիշեցնենք, որ նախորդ կանխատեսման մեջ ԿԲ-ն ավելի լավատես էր. անկումը գնահատվել էր 6,2 տոկոս։

Տեղին է ընդգծել, որ համաշխարհային տնտեսությունը համավարակի հերթական ալիքի տարածման հետևանքով հայտնվել է բացասական սպասումների մեջ։ Ենթադրվում է, որ դրա հետևանքով կհետաձգվի նաև տնտեսական ակտիվության վերականգնումը։ Այս իրավիճակում Հայաստանի գործընկեր երկրների ԿԲ-երը նախընտրում են շարունակել խթանող դրամավարկային քաղաքականությունը։ Սակայն, հավանաբար, հաշվի առնելով ի հայտ եկած նոր անորոշությունները, մեր Կենտրոնական բանկը որոշել է ռիսկի չգնալ՝ այս փուլում անփոփոխ պահելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հատկապես, որ տնտեսությունն ակտիվացնելու և լրացուցիչ խթաններ ստեղծելու նպատակով վերջին ամիսներին արդեն բավականաչափ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Այնպիսի տպավորություն չստեղծվի, որ դրանից տնտեսությունը շատ է շահել։ Ոչ միշտ է, որ փողի էժանացումը համարժեք է արտահայտվում վարկային շուկայում, քանի որ տարբեր պատճառներով՝ բանկերը միշտ չէ, որ հակված են դրան։ Այս տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի փուլով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդհուպ՝ 1,25 կետով։ Եթե անցած տարվա դեկտեմբերին փողի գինը 5,50 էր, ապա հիմա 4,25 տոկոս է։ Ըստ էության 8-9 ամսվա կտրվածքով սա բավական լուրջ քայլ է շուկայի համար։ Ներգրավվող ավանդների տոկոսադրույքների պահպանման պայմաններում՝ դա պետք է բերեր վարկերի տոկոսների, եթե ոչ՝ համարժեք, ապա՝ որոշակի նվազեցման։

Ակնհայտ է, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող էժան փողի քաղաքականությունից այժմ այնքան էլ չի շահում տնտեսությունը։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը չի տալիս այն արդյունքը, ինչ կարելի էր ակնկալել։ Պատճառներից մեկն այն է, որ վարկերի տեսքով տնտեսությանն առաջարկվող փողը շարունակում է նույնքան թանկ մնալ, և ոչ մի նշանակություն չունի, որ ԿԲ-ն նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Արդյունավետ չի գործում փոխանցման էֆեկտի հայտնի կանոնը։ Նշենք նաև, որ երկրում գոյություն ունեցող ծայրահեղ ճգնաժամի հետևանքով նվազել են վարկառուների եկամուտները՝ խնդիրներ առաջացնելով ներգրավված միջոցները վերադարձնելու հետ կապված։ Հաշվի առնելով այդ հանգամանքը և ընդառաջելով կառավարության հորդորներին՝ ապրիլից սկսած բանկերը գնացին վարկային արձակուրդների տրամադրման, վարկերի վերաձևակերպումների և մարման ժամկետների հետաձգման։ Այս ամենին գումարենք այն փաստը, որ վարկերի հետաձգման հետևանքով ավելացել են ֆինանսական հաստատությունների ծախսերը, ինչն էլ ստիպում է հրաժարվել վարկերի տոկոսադրույքների նվազեցումից։ Արդյունքում՝ ստացվել է այնպես, որ հետաձգելով վարկերի մարման ժամկետները, մյուս կողմից՝ դրանով արգելքներ ենք ստեղծում վարկերի էժանացման համար։ Եթե չլիներ վարկերի հետաձգում՝ գուցե և հիմա ունենայինք վարկերի ավելի ցածր տոկոսադրույքներ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular