ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի լռու­թյու­նը կա­րող է շատ ծանր հե­տև­անք­ներ ունե­նալ տա­րա­ծաշր­ջա­նի էկո­հա­մա­կար­գի հա­մար․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում ընթացող պատերազմական գործողությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը թիրախավորում է ինչպես խաղաղ բնակչությանը, այնպես էլ վնասներ է հասցնում Արցախի էկոհամակարգին։ Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը կիրառում միջազգային մարդասիրական իրավունքով արգելված այնպիսի զինատեսակներ, ինչպես սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքը կամ այրող կասետային զենքերը։ Այս կարգի զինատեսակները ադրբեջանական բանակի կողմից կիրառվում են բնակավայրերի շուրջ գտնվող անտառային տարածքները հրդեհելու համար։ Խնդիրն այն է, որ անտառային տարածքներում և հատկապես անտառապատ լեռնային շրջաններում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները և վարձկան ահաբեկիչները չեն կարող գործել այնպիսի հաջողությամբ, ինչպես Արաքսի հովտի հարթավայրային տարածքներում։

Բացի այդ, անտառապատ հատվածներում անօդաչու սարքերի կիրառումը, որոնց վրա ադրբեջանական կողմը մեծ խաղադրույք է կատարել, դառնում է ոչ նպատակահարմար։ Դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերն ավելի ազատ գործելու նպատակով փորձում են ազատվել անտառային ծածկույթից։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական զորքերն անտառապատ տարածքների հրդեհների առաջացրած ծխածածկույթը փորձում են օգտագործել քողարկվելու և դիվերսիոն ներթափանցման փորձեր ձեռնարկելու համար։ Ամենից առաջ անտառների հրդեհումն ուղղված է խաղաղ բնակչության դեմ, քանի որ այդ հրդեհները տարածվում են նաև մոտակա բնակավայրերում կամ դրանց զոհ են դառնում մարդիկ, ովքեր պատսպարվել են շրջակա անտառներում։ Բայց մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ արգելված քիմիական տարրեր պարունակող զենքերի կիրառումը և անտառային մեծ տարածքների հրդեհումը էական վնաս է հասցնում Արցախի շրջակա միջավայրին՝ սպառնալով հանգեցնել էկոհամակարգի բնականոն շրջափուլերի խախտման։

Ըստ էության, անտառների ոչնչացման արդյունքում էապես տուժում է կենսաբազմազանությունը՝ մասնավորապես հարվածի տակ է հայտնվում Արցախի տարածքում գոյություն ունեցող էնդեմիկ, հազվագյուտ և անհետացման վտանգի տակ հայտնված բույսերի ու կենդանիների տեսակների, դրանց գենոֆոնդի և ապրելավայրի կամ աճելավայրի պահպանությունը։ Արցախում հայտնաբերված բույսերի և կենդանիների հարյուրավոր տեսակներ ընդգրկված են ինչպես տեղական Կարմիր գրքում, այնպես էլ համաշխարհային՝ IUCN/ ԲՊՄՄ կարմիր ցուցակում։ Եվ պատահական չէ, որ հայաստանյան բնապահպանական 50 կազմակերպություններ դիմել են միջազգային կառույցներին՝ նշելով, որ էական վտանգ է սպառնում անհետացման եզրին գտնվող գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, անգղների և Պարսկական (Կովկասյան) ընձառյուծի գոյությանը։

Մեկ այլ կարևորագույն խնդիր է այն, որ տարբեր քիմիական տարրեր պարունակող զենքերի կիրառումն ազդում է հողածածկույթի և հատկապես ջրի որակի վրա, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես բնության, այնպես էլ մարդկանց առողջության վրա։ Իսկ ինչպես գիտենք, մեծ թվով գետերի հուներ սկիզբ են առնում Արցախի լեռնային շրջաններից և դրանց աղտոտումը կարող է պատճառ դառնալ, որպեսզի այս հանգամանքն ազդեցություն ունենա նաև Արցախի սահմաններից դուրս գտնվող տարածքների վրա։ Այսպիսի գործելակերպը ոչ միայն ռազմական հանցագործություն է, այլև լիովին հակասում է բնապահպանական միջազգային կոնվենցիաների դրույթներին։ Բայց, չգիտես ինչու, միջազգային բնապահպանական կազմակերպությունները կամ բնապահպանական շարժման ներկայացուցիչները, այսպես ասած, կանաչները, որոնք շատ հաճախ փոքր խնդիրներից մեծ աղմուկ են բարձրացնում, Արցախում հասունացող էկոլոգիական աղետի հարցում չգիտես ինչու լուռ են։ Միջազգային կառույցների լռությունը կարող է շատ թանկ արժենալ Արցախի գեղատեսիլ բնության համար։

«Բնության պահպանությունը քաղաքական եւ ռազմական սահմաններ չի՛ ճանաչում, քանի որ բոլորս ապրում ենք միևնույն տարածաշրջանում եւ օգտվում միևնույն կենսական ռեսուրսներից: Սպիտակ ֆոսֆորային զինատեսակի կիրառումը կենսաբազմազանությամբ հարուստ այսպիսի տարածաշրջանում անխոս կհանգեցնի բնապահպանական աղետի ու աներկբայորեն կվերածվի տարածաշրջանային էկոցիդի: Ներկա զարգացումները շարունակում են սպառնալ հարավկովկասյան տարածաշրջանին»,-նշված է վերոնշյալ հայտարարության մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular