ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հա­մաշ­խար­հա­յին կո­րուստ է լի­նե­լու, լուրջ խնդիր­նե­րի առաջ ենք կանգ­նե­լու». հա­յաս­տա­նյան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն ահա­զան­գում են․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 «Փաստ» օրաթերթը գրում է

Ահազանգելով Արցախում տեղի ունեցող էկոցիդի մասին, դատապարտելով ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից՝ հայաստանյան 50 կազմակերպություններ օրերս դիմել էին 100 միջազգային բնապահպանական կառույցների: «Փաստի» հետ զրույցում էկոլոգիական նախաձեռնության անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, էկոլոգ Արևիկ Մկրտչյանը խոսել է այսօր առկա վտանգներից ու միջազգային կազմակերպություններից ակնկալվող քայլերի մասին: «Բնության պահպանությունն այն ունիվերսալ արժեքներից է, որը որևէ ռազմաքաղաքական սահմաններ չի ճանաչում: Այսինքն, երբ խոսում ենք Արցախի, Հայաստանի կամ էլ այլ երկրների կենդանատեսակների և բուսատեսակների պահպանությունից, մենք հասկանում ենք, որ դա առաջին հերթին համաշխարհային ժառանգություն է:

Այն, որ Արցախը ճանաչված չէ որոշ երկրների կողմից, չի նշանակում, որ վերջինիս բնությունը ավելի քիչ է կարևոր, քան այլ երկրներինը: Ավստրալիայի կոալան կամ կենգուրուն ոչ մի կերպ չեն կարող իրենցից ավելի մեծ արժեք ներկայացնել, քան, օրինակ՝ Արցախում առկա կովկասյան հովազը: Մենք շատ արագ կոնսոլիդացվեցինք մեր գործընկերների հետ, և արդեն 50-ից ավելի կազմակերպություններ են միացել մեզ: Մեծ մասը նաև դրսի կազմակերպություններ են, որոնք Հայաստանում մասնաճյուղեր ունեն»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նրանց հետ ահազանգել են միջազգային կազմակերպություններին և տեղեկացրել, թե ինչ է կատարվում այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում: «Պատերազմները բացասական նշանակություն ունեն նաև բնակավայրերի, ապրելավայրերի ու ընդհանրապես բնության վրա, բայց շատ ենք ցնցվել մեր տեսածից:

Մենք միջազգային բնապահպանական կառույցներից ոչ միայն դատապարտող կոչեր ենք ակնկալում, այլ հստակ ահազանգեր, որոնցով կփորձեն ինչ-որ կերպ այս ամենի դեմն առնել: Տեսեք՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառում անտառների նկատմամբ, որոնք կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ նաև տեղաբնիկների համար, միտումնավոր կամ չհասկանալով վերացնել անտառները, որոնք ապահովում են բոլորիս թթվածինը, վտանգի տակ դնել այն կենդանատեսակները, որոնք միգրացվող են, այսինքն, Հայաստանից անցնում են Իրան, Ադրբեջան: Այս ամենին դժվարանում ենք որևէ գնահատական տալ: Մենք պատրաստվում ենք շատ հետևողականորեն աշխատել բոլոր միջազգային գործընկերների հետ, որոնք, հավանաբար, որոշակի պարզաբանումներ կպահանջեն մյուս կողմից:

Ինչպես մարդու իրավունքի հիմքում մարդասիրությունն է, բնության պահպանության հիմքում էլ խնայողական վերաբերմունքն է բնության նկատմամբ: Մենք որևէ կազմակերպություն բաց չենք թողել, մեր ահազանգը բոլոր մայրցամաքների մակարդակով է: Պրակտիկ քայլեր հնարավոր կլինի անել սպիտակ ֆոսֆորի կիրառումը լաբորատոր տվյալներով ապացուցելուց հետո, որի համար մենք աշխատում ենք նաև բնապահպանության նախարարության հետ»,-ընդգծեց էկոլոգը՝ նշելով, որ խոսքը որոշակի նմուշառումներ անելու և դրանք լաբորատորիայում ստուգելու մասին է: «Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հայկական, այլև միջազգային լաբորատորիաներում դրանք իրականացնելու մասին է, ինչը պետք է պարտադիր արվի: Արդեն հաստատումից հետո, կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունն ավելի բարձր մակարդակով կդիմի համապատասխան ատյաններին:

Դրանից հետո արդեն կկարողանանք նաև փաստահավաք տվյալներ ունենալ, հետագայում ներկայացնել միջազգային տարբեր կոնֆերանսներում, որովհետև եթե իրապես ապացուցվի սպիտակ ֆոսֆորի կիրառումը, մենք առաջիկա մի քանի տասնամյակներում լուրջ խնդիր ենք ունենալու տարածաշրջանում»,-ասաց մեր զրուցակիցը: Հարցին՝ կա՞ն պատկերացումներ նախնական վնասների առումով, թե դա հնարավոր կլինի պարզել միայն պատերազմի ավարտից հետո, Արևիկ Մկրտչյանը նշեց. «Անշուշտ կարող ենք խոսել նաև վնասներից, որովհետև Արցախից տվյալներ են գալիս, որ մի քանի գյուղերի շրջանում գտնվող անտառներն արդեն երրորդ օրն է՝ վառվում են: Այսինքն, սա հստակ վկայում է այն մասին, որ ոչնչացվում են կենդանատեսակների բնադրավայրերը և ապրելավայրերը, իսկ այդ կենդանիների մեծ մասը գրանցված է Արցախի կարմիր գրքում:

Բնական է՝ սա համաշխարհային ժառանգություն է. եթե վաղը կամ մյուս օրն ունենանք որևէ կենդանատեսակ, որը ընդմիշտ կվերանա բնությունից, դա համաշխարհային կորուստ կլինի: Եթե այսպես շարունակվի, համաշխարհային կորուստ է լինելու: Հույս ունենք, որ հրդեհի ծավալները գնալով ավելի չեն մեծանա, բայց եթե անտառը երրորդ օրը դեռ շարունակում է վառվել, ակնհայտ է, որ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու»,-եզրափակեց էկոլոգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular