ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ժամանակ չե՛ն արդարանում, չե՛ն նախաձեռնում քննարկումներ, որոնք բանակի մարտունակության կամ թիկունքի ամրության հետ կապ չունեն. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Վերջին օրերին, երբ Արցախում շարունակվում են թեժ մարտերը, երբ բոլորը կենտրոնացրել են իրենց ջանքերը այս բարդ իրադրության հայանպաստ հանգուցալուծման և հաղթանակի համար, սկիզբ է դրվել տարօրինակ մի քննարկման, որն առնվազն ժամանակավրեպ է։

Օրերս Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը «Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկում նախաձեռնեց։ Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվեց խմբագրական՝ «Կարո՞ղ էինք արդյոք խուսափել պատերազմից» վերնագրով։ Նույնաբովանդակ քննարկումներ են հարուցվել բազմաթիվ այլ հարթակներում, որտեղ մասնակից կողմերը հիմնավորում են պատերազմի անխուսափելի լինելը։

Եթե սա զուտ քաղաքական նպատակներ ունեցող և միակողմանի պրոպագանդա չէ, ապա ինչպե՞ս կարող է լինել պատերազմից խուսափելու հնարավորությունները ներկայացնող տեսակետ կամ բանավեճ, եթե այդ տեսակետը անհամատեղելի է ռազմական դրության շրջանակներում սահմանված խոսքի ազատության իրավական սահմանափակումների հետ։ Եթե դա իրական քննարկում է, այլ ոչ միակողմանի իշխանական պրոպագանդա, ապա ո՞վ պետք է իրեն վերապահի պատերազմի ծանր օրերին հակադրվել այդ թեզին և փորձել հակառակն ապացուցել։

Այդ հարցադրումը պե՛տք է ստանա իր պատասխանը, բայց ո՛չ այսօր, և ո՛չ հիմա։ Պատերազմի ժամանակ չե՛ն արդարանում, չե՛ն նախաձեռնում քննարկումներ, որոնք բանակի մարտունակության կամ թիկունքի ամրության հետ կապ չունեն։

Հորդորում եմ դադարեցնել այս քննարկումները՝ արդարացումները պահելով խաղաղ ժամանակների համար, որոնք Աստծո կամքով շուտ կգան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular