Միասնությունն ու համախմբումը երկակի ստանդարտներ չեն ընդունում․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Պատերազմական իրավիճակում շատ է կարևորվում հանրության միասնականությունը։ Իսկապես, միայն հայության ողջ ներուժի համախմբման արդյունքում է, որ հնարավոր է հաջողություններ գրանցել ինչպես ռազմական գործողություններում, այնպես էլ դիվանագիտական ճակատում և տեղեկատվական հարթակում։ Սակայն գլխավոր հարցերից մեկն այն է, որ հասարակության համախմբվածությունը չպետք է լինի մասնակի կամ միակողմանի։ Եթե մեր առջև խնդիր ենք դրել մեր ներուժը լիովին կենտրոնացնել հաղթանակի օրակարգի շուրջ, ապա անհրաժեշտ է, որ միասնականությունը դրսևորվի ոչ թե սեգմենտավորված ձևով, այլ ամբողջական տեսք ստանա և լինի համատարած։
Այս համատեքստում շատ է խոսվում, թե իշխանություններին պետք չէ քննադատել, քանի որ այն չի բխում համազգային միասնության հրամայականից։ Սա նաև օրենքի պահանջ է, իսկ տուգանվելու ցանկություն չկա: Բայց ողջ խնդիր այն է, որ միասնությունը չպետք է դիտարկվի միայն այս համատեքստում, քանի որ միասնականությունը ավելի լայն հասկացություն է և վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև հասարակության բոլոր խմբերին և ընդհանրապես ողջ հանրությանը։ Այս արձանագրումը կարևոր է, որովհետև այս օրերին որոշ շրջանակների կողմից շարունակվում է թշնամանք գեներացվել, որի արդյունքում նեղ անձնական և քաղաքական շահերը ավելի բարձր են դասվում, քան համախմբվելու ընդհանուր շահը։
Ներկայացված իրողությունը գալիս է նաև նախորդ երկու տարվա իներցիայից, որի ընթացքում քաղաքական և հասարակական օրակարգում առօրյա երևույթ դարձան հանրային տարանջատումը, թշնամանքը, փոխադարձ մեղադրանքներն ու հայհոյանքները։ Չմոռանանք, որ հենց իշխանափոխությունից հետո ձևավորվեց հանրությանը «սևերի ու սպիտակների» տարանջատելու միտումը։ Եվ տարբեր քաղաքական դիվիդենտներից ելնելով՝ ատելության մթնոլորտի վրա ժամանակ առ ժամանակ յուղ էր լցվում։ Արդյունքում հասարակությունը իրական խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն, ավելի շատ զբաղված էր անիմաստ խոսակցություններով։ Սակայն պատերազմական իրավիճակը պետք է ստիպեր, որ թշնամական մթնոլորտն ամողջությամբ լիցքաթափելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեին, բայց, ցավոք, պետք է նշել, որ ատելությունը դեռևս շարունակում է մեծ տեղ զբաղեցնել մեր հասարակական կյանքում։
Արդյունքում այնպիսի իրավիճակ է ստացվում, որ իշխանություններին ոչ մի դեպքում քննադատել չի կարելի, թեկուզ եթե այդ քննադատությունը փաստարկված է ու, ինչու չէ, նաև թերությունները շտկելու համար օգտակար, բայց մյուսներին կարելի է հանգիստ քննադատել որքան ուզես, ավելին՝ պիտակավորել, ընդհուպ ներքին թշնամի հայտարարել, ինչ է թե նա հարել կամ հարում է որևէ քաղաքական ուժի, այլ կերպ է մտածում, քան «ամբոխային հոգեբանությամբ» ներարկվածները և այլն։ Էլ ո՞ւր մնացին միասնության մասին խոսակցությունները։ Մի՞թե հասկանալի չէ, որ մենք շատ բարդ պատմական փուլ ենք ապրում, և պետք է անկախ ամեն ինչից մի կողմ դնել տարաբնույթ տարակարծություններն ու միավորվել։ Եվ այս հարցում իրենց պատասխանատվության բաժինն ունեն ոչ միայն հասարակական տարբեր խմբերը, այլև հենց իշխանությունները։ Թե չէ ստացվում է, որ համախմբվածության հարցում գործ ունենք երկակի չափանիշների հետ։
Երբ լրատվամիջոցները կամ օգտատերերը քննադատում են իշխանություններին, ապա կարող են մեծ գումարով տուգանվել, իսկ երբ քննադատության թիրախում են հայտնվում այլ քաղաքական ուժեր կան անհատներ, ապա դա թույլատրելի է։ Ամեն դեպքում, մեզանում պետք է լիովին արմատավորվի այն մտայնությունը, որ յուրաքանչյուր թշնամանքի և ատելության դրսևորում մեծ վնաս է հասցնում հանրության բարոյահոգեբանական տրամադրվածությանը և ազդում ընդհանուր մթնոլորտի վրա, որը ոչ մի կերպ չի տեղավորվում հաղթանակի հասնելու օրակարգի շրջանակներում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում