ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկածելի և տարօրինակ պահվածք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչպես հայտնի է` նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաշար Ասադի հետ հեռավար հանդիպմանը խոսել է այն մասին, որ Աստանայի՝ ռուս-իրանա-թուրքական եռակողմ գործակցության արդյունքում Սիրիայում փաստորեն ոչնչացվել է միջազգային ահաբեկության օջախը, եւ կյանքը վերադառնում է բնականոն հուն, կարող են վերադառնալ նաեւ փախստականները: Հատկանշական է, որ օրեր առաջ խոսվում էր Ասադի Մոսկվա ժամանելու մասին, բայց փաստորեն կայացվել է հեռավար քննարկման որոշում: Պատճառն, իհարկե, կորոնավիրուսն է, գուցե, թեև երբ խոսվում էր ժամանման տարբերակի մասին, կորոնավիրուս դարձյալ կար և աճում էր: ՌԴ նախագահն Ասադի հետ հեռավար հանդիպմանն անում է հայտարարություն, որը մի կողմից հասկանալի է, մյուս կողմից ինչ որ իմաստով տարօրինակ:

Տարօրինակ է այն տեսանկյունից, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի մակարդակով Մոսկվան ինքն է հայտնում սիրիական գոտուց ահաբեկիչների Կովկաս տեղափոխվելու ստույգ տեղեկություն ունենալու մասին: Եթե Պուտինը նկատի ունի, որ Թուրքիան Սիրիայում մնացած միջազգային ահաբեկիչներին տեղափոխում է Կովկաս, ապա դա գուցե նշանակում է, որ Սիրիայում իսկապես վերացվում է միջազգային ահաբեկչությունը: Բայց Ռուսաստանն ու Իրանը մտահոգություն են հայտնում և համարում, որ Կովկաս ահաբեկիչների տեղափոխումն անթույլատրելի է: Ավելին, Ռուսաստանը վերջին օրերին հայտնում է օդատիեզերական ուժերով Իդլիբում թուրքամետ զինյալների և ահաբեկիչների ճամբարներին հասցվող հարվածների մասին: Ու՞մ է հարվածում ՌԴ-ն, եթե Աստանայի ձեւաչափի շնորհիվ Սիրիայում ոչնչացված է միջազգային ահաբեկությունը:

Իհարկե, հնարավոր է, որ Պուտինը նկատի ունի ոչ թե բացարձակ իմաստով, այլ գերակա իմաստով ոչնչացում, ընդունելով, որ Իդլիբում մնացել է դրանցից: Թե՞ Պուտինը նկատի ունի, որ Իդլիբում էլ չկան՝ իրենց հարվածները ոչնչացրել են մնացածներին, իսկ ողջերին էլ Թուրքիան տեղափոխում է արցախյան գոտի: Բոլոր դեպքերում, բուն խնդիրը այժմ հենց Կովկասն է, արցախյան գոտին եւ դրա ահաբեկչականացման թուրքական պլանն ու դրա իրագործումը Արցախի դեմ պատերազմի միջոցով: Արդյո՞ք ՌԴ նախագահը Սիրիայի առնչությամբ հայտարարության տողատակում նկատի ունի այն, որ Ռուսաստանը միջազգային ահաբեկության դեմ պայքարի հիմնական ուղղություն է սկսելու դիտարկել Ադրբեջանը:

Պետք է նկատել, որ այդօրինակ ակնարկներ Մոսկվայից հնչող հայտարարություններում նշմարվում են, թեեւ հնարավոր չէ վստահ լինել՝ դրանք զգուշացու՞մ են Բաքվին ու Անկարային, թե՞ այդուհանդերձ Անկարայի հետ սակարկման ռեսուրս: Թե՞ ՌԴ նախագահը ակնարկում է, որ Աստանայի եռակողմ ձևաչափը կարող է փորձվել նաև Կովկասում, որը Թուրքիայի ձեռքով ևս վերածվել է միջազգային ահաբեկության օջախի: Ընդ որում, այդ օջախն իր բջիջներն ունի նաև Ռուսաստանում, ինչպես հավաստիացնում են անգամ պաշտոնական աղբյուրները՝ արմատական իսլամիստական բջիջների աշխուժացման մասին ահազանգելով ԱԽ քարտուղարի մակարդակով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular