ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատերը, հնարավոր է, հարց հնչեցնեն՝ իսկ ինչու էի ես փաստաթուղթը ստորագրելու պահին այդքան մտահոգ մեր զինվորների անվտանգությամբ, և ինչու նույնքան մտահոգ չէի դրանից առաջ: Այս մասին ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խնդիրը հետևյալն է՝ հրամանատարի ամենակարևոր գործառույթը զինվորի առաջ խնդիր դնելն է, որոնք ունեն կոնկրետ մարտավարական և ռազմավարական նպատակ: Հրամանատարն այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն: Փաստացի, լինելով գերագույն հրամանատարի դերում, պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, ԶՈւ-ի առջև, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա՝ հանուն զինվորի»,-ասաց նա՝ նշելով, թե հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի:

«Այս գիտակցությամբ եմ ստորագրել բոլորիդ հայտնի տխրահռչակ փաստաթուղթը, և այդ փաստաթուղթը ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով, բայց 25 000 զինվորի կյանքն ավելի կարևոր էր, կարծում եմ, նաև ձեզ համար»,-ասաց նա՝ նշելով, սպառնալիքի տակ էր հայրենիքին անմնացորդ ծառայություն մատուցած զինվորների կյանքը, ընդ որում, այդ զինվորները թիկունքում ստեղծվող այդ իրադրության վրա ազդելու ոչ մի հնարավորություն չունեին:

«Թիկունքում այլևս չկային մարտունակ այնպիսի ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին ազդել իրավիճակի վրա, և ուրեմն՝ եկել էր հրամանատարի ժամանակը՝ հանուն այդ զինվորների վտանգելու սեփական կյանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ քաղաքական առումով: Եկել էր հայրենիքի ժամանակը՝ հանուն հայրենիքի ոչինչ չխնայած այդ զինվորների համար գնալ զոհողությունների, և ես այդ թուղթը ստորագրել եմ հենց այդ գիտակցությամբ: Այս իրավիճակում և պայմաններում հարցն արդեն ոչ թե օրերի և շաբաթների տիրույթ էր մտել, այլ պետք է որոշում կայացվեր ժամերի ընթացքում, հակառակ դեպքում կսկսվեր մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 000, 20 000, 25 000 զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ»,-ասաց նա:

Թե ինչու հրաժարական չտվեց՝ այդ թուղթը չստորագրելու համար, Փաշինյանն ասաց՝ դա կնշանակեր դասալքություն, նաև որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում:

«Մենք կանգնեցինք մի իրողության առաջ, որից այլ ելք պարզապես չկար: Ինչ վերաբերում է բուն փաստաթղթի բովանդակությանը, այն իսկապես վատն է մեզ համար: Բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում»,-ասաց նա՝ նշելով, թե լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է:

«Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը ԻԻՀ հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման համար հիմա կան ավելի ծանրակշիռ փաստարկներ:

Հարցին՝ արդյո՞ք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին, նա պատասխանեց. «Այո, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որ 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաների են ենթարկվել, որ այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրիների շարքին»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular