Նոյեմբերի 13-ից անվճար հիմունքներով Երևանից Ստեփանակերտ կուղևորվեն ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն ՀՀ-ում ապաստանած Արցախի քաղաքացիներին. Ա. հարությունյան
ՎԻԴԵՈԱյսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր:
Իսկ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում»,- գրել է Հարությունյանը։