ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլից» ով և ինչպես է արձագանքել եռակողմ համաձայնագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի կողմից արցախյան հակամարտության կարգավորմանը ուղղված եռակողմ համաձայնագրի ստորագրելու հանգամանքը միանշանակ չի ընդունվել նաև վերջինիս հարազատ քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից: Իմքայլական պատգամավորները թեև մինչ այս պահը հրաժարվում են ներկայանալ Խորհրդարան և ընդդիմության պահանջով նիստ անցկանցել, այնուամենայնիվ ստիպված են պատասխանել որոշ տհաճ հարցերի, այն է՝ տեղյակ էին արդյո՞ք որ ստորագրվելու է նման համաձայնագիր և կիսում են արդյո՞ք հակամարտության կարգավորման այս ուղղին: 

Դեռևս կարելի է փաստել, որ պատգամավորների մեծ մասը, ինչպես և սպասվում էր, պարզապես տեղյակ չեն եղել, թե ինչ է պատրաստվում ստորագրել իրենց քաղաքական թիմի լիդերը: Տեղեկանալուց հետո ամենահստակ արձագանքը հետևեց պատգամավոր Վարդան Աթաբեկյանից, ով հայտարարեց, որ դեմ լինելով այս մոտեցմանը, դուրս է գալիս «Իմ քայլը» ֆրակցիայից՝ մնալով անկախ պատգամավոր: 

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանը, գրել է. «Ներողություն սիրելի ժողովուրդ։ Ներողություն չգիտեմ որ մեղքիս համար, բայց հավաքական իմաստով՝ որպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամ գլխիկոր եմ։ Թեև ես էլ, ձեր նման ոչնչից տեղյակ չեմ եղել։ Տխուր եմ, խոցված եմ, բայց ոչ հուսահատ»: 

Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ ինքն ու խմբակցության պատգամավորների մեծ մասը տեղյակ չեն եղել երեկ իրենց անունից հրապարակված հայտարարությունից, ինչպես և ստորագրված եռակողմ համաձայնագրին: Հովսեփյանը նաև ներողություն էր խնդրել այդ առիթով: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գտնում է, որ վարչապետի քայլը դավաճանական չէ, փաստաթղթից խուսափել հնարավոր չէր: 

Պատգամավոր Տաթև Հայրապետյանը գրել է. «Մենք ադրբեջանական բանակի դեմ չէինք պատերազմում, սա արձանագրված փաստ է: Ես այն մարդը չեմ, որ սխալների փնտրտուքը սկսեմ ուրիշից, ես դա սկսում եմ ինքս ինձնից… Գիտեմ, որ հայ ժողովուրդը շատ ծանր հարված է կրել, գիտեմ, որ աշխարհաքաղաքական՝ մեզանից դուրս գործընթացներ են ընթացել, ինչպես և պատմության մեջ բազմաթիվ անգամներ, բայց նաև գիտեմ, որ եթե մենք չպնդանանք, չհավաքենք մեզ՝ քանդվածներիս, ավելի բարդ իրավիճակում կարող ենք հայտնվել: Պատերազմը չի ավարտվել, թուրքը չի դնջացել… Ի վերջո, սա հրադադարի հայտարարություն է՝ իր բոլոր նյուանսներով, իսկ առաջիկայում ծանր բանակցություններ են»: 

Պատգամավոր Մարիա Կարապետյանը այս առիթով գրել է. «Իմ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Վարչապետին անվերապահ է (նշանակում է՝ չունեմ կասկած, միայն՝ ինքնահայեցում), պատասխանատվությունը՝ ընդհանուր, քանի որ ես Ազգային ժողովում կառավարող ուժի պատգամավոր եմ»։ 

«Իմ քայլից» Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ խմբակցության անունից տարածվող հայտարարությանը ծանոթ չի եղել, մյուս կողմից էլ փաստացի արդարացրել է եռակողմ համաձայնագրի ստորագրումը: 

Ինչպես տեսնում ենք, իշխող քաղաքական ուժի ներսում անգամ չկա միասնական մոտեցում այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին: Մի բան ակնհայտ է` հեղափոխության օրերին և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի թիմին միացան պետական մտածողությամբ բազմաթիվ անհատներ, գործիչներ, ովքեր այսօր դեռ հնարավորություն ունեն սերունդների առաջ փրկեն իրենց անունը: Գործընթացը սկսված է… 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular