ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաշվեհարդարների ու ներքին բախումների մեծ վտանգ կա. դրանք պետք է արագ կանխել․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը նոր ներքաղաքական իրողություն է ստեղծել մեր երկրում։ Պատերազմի սկզբի օրերից սկսած՝ իշխանական քարոզչությունը մեր հանրությանը պատրաստում էր հաղթանակի, իսկ հասարակությունն էլ անընդհատ ապրում էր ռազմաճակատից մի լավ լուր լսելու հույսով։ Խոշոր հաշվով հանրության ականջը սովորել էր հաղթանակի մասին հայտարարություններին, և մարդկանց մոտ ձևավորվել էր այն մտայնությունը, թե մի քիչ էլ պետք է զինվել համբերությամբ, և հաղթանակը մոտ է, բայց պարզվում է, որ իրերի իրական վիճակի մասին մինչև վերջին օրը հանրությունը տեղյակ չէր։ Այդ է պատճառը, որ մարդիկ, լսելով հրադադարի կապիտուլյացիոն հայտարարության մասին, ուղղակի սթրեսի ենթարկվեցին։

Եվ բնական է, որ այս իրողությունը հանրային մեծ հուզումների տեղիք պետք է տար։ Հանրությունը մի քանի օր շարունակ չի կարողանում ուշքի գալ և համակերպվել այն իրողության հետ, որ Արցախը բզկտվում է, իսկ նրա գոյությունն ու սուբյեկտայնությունը գրչի մի հարվածով ուղղակի հարվածի տակ է դրվում։ Այս ծանր հարվածը չի կարող հենց այնպես անցնել, դրա հետևանքները դեռ շատ երկար իրենց զգացնել կտան։ Ուստի հանրությունը ցանկանում է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ այսպես շատ արագ կանգնեցինք «կոտրված տաշտակի» առաջ։ Իսկ այսպիսի իրավիճակը շահարկումների ու փոխադարձ մեղադրանքների լայն դաշտ է բացում։ Յուրաքանչյուրը ցանկանում է իր վրայից գցել մեղքի բաժինը և գտնել մարդկանց, որոնց կարելի է մեղադրել, և դա հատկապես վերաբերում է իշխանություններին։

Չէ՞ որ ողջ տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը կրում են հենց իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, պետք է հասկանալ, որ պատերազմը «հանաք մասխարա» կամ հերթական մասկի շոուն չի, այլ լուրջ գործընթաց է, որում առաջադրված խնդիրների լուծմանը հասնելու նպատակով լուրջ հաշվարկներ և կշռադատված քայլեր են պետք։ Իսկ այդ քայլերի ու միջոցառումների իրականացումը նախ և առաջ դրված է պետական ինստիտուտների ուսերին, որի կառավարման բուրգի գագաթին կանգնած է երկրի կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Ծանրագույն իրադրությանը անլուրջ վերաբերվելու արդյունքում է, որ հանրության շրջանում անվստահության և վրդովմունքի աճ է նկատվում թե՛ միմյանց նկատմամբ և թե՛ առաջին հերթին իշխանություններից։

Եվ այսպիսի մթնոլորտի պայմաններում մեր այսօրվա խնդիրն է երկիրը հետ պահել ատելության գերդոզավորումից, հետպատերազմական ցնցումներից, բռնություններից ու բախումներից, որի հավանականությունը շատ մեծ է։ Սակայն տպավորություն է, որ իշխանությունները բավարար չափով չեն գիտակցում այս հանգամանքը։ Փոխանակ նրանք ամեն ինչ անեն, որպեսզի պետական ապարատը բնականոն գործի, և երկիրը անկայունության հնարավոր զարգացումներից զերծ մնա, ավելի են յուղ լցնում առանց այն էլ թեժացած կրքերի վրա՝ պատասխանատվությունը գցելով այս կամ այն մարդկանց, հասարակության կամ ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա և մեղադրելով նրանց այս իրավիճակի համար։ Իսկ Փաշինյանն իրեն ուղղակի կամակոր երեխայի պես է պահում, վերջինս ոչ միայն չի ցանկանում ընդունել իր ձախողումը, այլև իրեն անգամ թույլ է տալիս վրեժի մասին հայտարարություններ անել։

Ոչ թե թշնամու, այլ սեփական ժողովրդի մի հատվածի նկատմամբ մեկ այլ հատվածի միջոցով: Այս իրավիճակում իշխանությունների գլխավոր առաքելությունը պետք է լիներ կրքերը հանդարտեցնելը և փոխգործակցության մթնոլորտ ձևավորելը, ընդառաջ գնալ հրաժարականի հանրային պահանջներին, բայց այսպիսի պահվածքով վարչապետն ու իր թիմն ավելի են գրգռում հանրությանը։ Դրանից մարդիկ ավելի ագրեսիվ են դառնում, և մեծանում է բախումների ու հաշվեհարդարների հավանականությունը։ Եվ այս իրավիճակում ինչքան Փաշինյանը մնա երկրի ղեկին, այնքան հետպատերազմյան ճգնաժամը կխորանա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular