ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստորագրված փաստաթուղթը որևէ կերպ չպետք է նպաստի, որ ադրբեջանական կողմը իրեն հաղթող համարի. Հայկ Դեմոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը 1or.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև հրադադարի համաձայնագրին նշեց, որ վերջին նմանօրինակ փաստաթուղթը ստորագրվել էր 1994-ի մայիսին, Բիշքեկում՝ ՀՀ-ի Արցախի Հանրապետության և Ադրբեջանի ռազմաքաղաքական ներկայացուցիչների կողմից: Փաստաթուղթը, փաստորեն, Արցախյան հակամարտության զինադադարի անժամկետ պայմագիր էր, որը, ցավոք, Ադրբեջանի կողմից խախտվեց արդեն երրորդ անգամ: Պատմաբանի խոսքով՝ հասկանալու համար, թե նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթուղթը ինչ է ենթադրում, նախ պետք է հաշվի առնել, թե իրականում Արցախի դեմ որ երկրներն էին պատերազմում:

«Բոլորի համար պարզ է, որ Արցախի դեմ պատերազմում էին մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան: Եվ, այն ինչ այսօր ունենք՝ հայտարության տեքստ է, որը թեև ցավալի կետեր է պարունակում, բայց մյուս կողմից պետք է, ճիշտ գնահատելով իրավիճակը, նշենք, որ Ռուսաստանը շատ լավ գիտեր, որ պետք է շատ արագ հայտնվեր Արցախում, որի համար նրան պետք էր Ալիևի ստորագրությունը: Ռուսաստանի համար վաղուց պարզ էր, որ Ալիևը նպատակ ուներ Թուրքիայի հետ Ադրբեջանի տարածքում թուրքական ՆԱՏՕ-ական ռազմաբազա հիմնել, որի հաջորդ քայլով պետք է ականատես լինեինք Իրանի դեմ պատերազմին: Այսինքն՝ Ռուսաստանի համար գլխավոր հարցերից մեկը տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնելն էր, ինչը եղավ»,- ասաց Հ. Դեմոյանը:

Պատմաբանի խոսքով՝ այս պատերազմում կան օգտվողներ և արդյունքներից գոհ չմնացած կողմ՝ հանձին Թուրքիայի: Այդ է պատճառը, որ վերջին պահին ամեն կերպ փորձել են Նախիջևանի կողմից հարվածել ռուսական ռազմական ուղղաթիռին, երբ ռուս խաղաղապահները գնում էին դեպի Արցախ:

«Ռուսական կողմը շատ լավ հասկացավ, թե որն էր դրա նպատակը: Դա արվեց միտումնավոր, քանի որ թուրք-ադրբեջանական կողմը գիտեին, որ այդ հատվածով անցնելու են ռուսական խաղաղապահ ուժերը: Ես կարծում եմ, որ դրա արձագանքները մի փոքր ավելի ուշ տեսանելի կդառնան, քանի որ ռուսական կողմը երեկվա դրությամբ արդեն իսկ պահանջել է հետաքննության արդյունքները»,- ասաց Հ. Դեմոյանը:

Հարցին, թե՝ արդյոք Արցախի դեմ սանձազերծված պատերազմը դեռ չի ավարտվել, քանի որ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Արցախը և Հայաստանը հերթական անգամ հայտնվել են աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, Հ. Դեմոյանը պատասխանեց.

«Ճիշտ եք նկատել, քանի որ տարածաշրջանում սկսվում են նոր զարգացումներ: Դա պայմանավորված է Իրանի միջուկային ծրագրի ավարտական փուլով և կա նաև Իրանի դեմ հավանական լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման սցենար: Ուստի, դրանով էր պայմանավորված ադրբեջանա-թուրքական, ջիհադիստական ուժերի կենտրոնացումը Հարավային Կովկասում: Դրա նպատակն էր ամբողջովին վերահսկողության տակ վերցնել Իրանի հյուսիսային սահմանը, որտեղ արդեն հետագայում կհայտնվեին ՆԱՏՕ-ական և Իսրայելական ուժերը, որոնք այս պահին հակաիրանական դիրքորոշում ունեն: Այս առումով, պատահական չէր նաև Իրանի ռազմական ուժերի տեղաբաշխումը սահմանի երկայնքով»:

Այս պարագայում Հայաստանի հաջորդ հրատապ քայլը, ըստ Հ. Դեմոյանի, պետք է լինի ռազմա-քաղաքական բաղադրիչի առումով արագ կողմնորոշվելը և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը: Բացի այդ, անհրաժեշտ է Ռուսաստանի հետ համատեղ անվտանգության համակարգ ստեղծել և նոր զինատեսակներ ձեռք բերել:

«Դրան զուգահեռ` հարկավոր է լուրջ դիվանագիտական աշխատանք իրականացնել, որպեսզի այս հայտարարության տեքստը դառնա անպետք մի փաստաթուղթ: Այն չպետք է որևէ կերպ նպաստի նրան, որ ադրբեջանական կողմը իրեն համարի հաղթող: Բացի այդ, պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ Ադրբեջանը այլևս չկարողանա համարել, որ ցանկացած պահի կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»,- ասաց Հ. Դեմոյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular