ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի թիվ 109 դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների միջև՝ աղջկա պատճառով

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը  գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Արսեն Մ.-ի գործի դատական քննությունը:

1998 թվականի դեկտեմբերի 15-ին ծնված Արսենը դեպքի պահին՝ 2016 թվականի մայիսի 16-ին, ինչպես նաև դատավճռի հրապարակման պահին 17 տարեկան էր:

Նա մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դեպքի պահին ինչպես ամբաստանյալը, այնպես էլ տուժողը Երևանի թիվ 109 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ էին: Դատավճռի հրապարակման պահին ամբաստանյալ Արսեն Մ.-ն ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող էր արդեն:

Դատաքննությամբ դատարանը հիմնավորված է համարել հետևյալը:

Անչափահաս Արսեն Մ.-ն բնակվում է իր մոր ու նրա ամուսնու հետ, ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է: Արսենի հայրը մահացել է 2007 թվականին:

Ամբաստանյալ Արսենն ու տուժող Հայկը սովորել են նույն ավագ դպրոցի զուգահեռ դասարաններում, մինչև դեպքը միմյանց հետ չեն շփվել:

2016 թվականի մայիսի 16-ին, ժամը 13-ի սահմաններում տուժող Հայկ Մ.-ն Արսենին հանդիպելով՝ հրավիրել է իրենց՝ թիվ 109 ավագ դպրոցի հետնամաս՝ զրուցելու:

Տղաները գնացել են այնտեղ , խոսել են նույն դպրոցում սովորող աղջիկներից մեկի՝ Արուսի (անունը փոխված է) մասին: Խոսակցությանը ներկա են եղել նաև Հայկի համադասարանցիներ Ռուբենն ու Դերենիկը, ովքեր չեն միջամտել: Խոսակցության ժամանակ Հայկը բարձրացրել է ձայնը, նրա ու Արսենի միջև վեճ է առաջացել: Հայկն առաջինն է ձեռքով հարվածել Արսենին, ու ծեծկռտուք է սկսվել:

Ներկա գտնվող Դերենիկը մի կողմ է տարել Արսենին, իսկ Ռուբենը հեռացրել է Հայկին: Բայց Հայկը հայհոյանքներ է տվել Արսենի ծնողների, նաև՝ հանգուցյալ հայրիկի հասցեին:

Հայհոյանքները լսելով՝ Արսենը դուրս է պրծել Դերենիկի ձեռքից, մոտեցել է Հայկին ու իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել՝ դիտավորությամբ Հայկի առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած՝ թափանցող վերք, ողնաշարի գոտկային հատվածի ծակած-կտրած ու աջ նախաբազկի ծակած-կտրած վերքեր:

Արսեն Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար: Նա հայտնել է, որ դեպքի օրը դասերն ավարտվելուց հետո Հայկն իրեն կանչել է դպրոցի հետնամաս՝ խոսելու: Ինքը մենակ է եղել, Հայկի հետ են եղել նրա համադասարանցիներ Ռուբենն ու Դերենիկը: Վեճն ու կռիվը սկսվել են Հայկի՝ իր հետ բարձր ձայնով խոսելու պատճառով: Այնուհետև Հայկը հայհոյանքներ է տվել, ինչից հետո ինքը նրան հարվածներ է հասցրել դանակով, որը պատահաբար այդ օրը գրպանում էր:

Դեպքից հետո իր ու Հայկի հարաբերությունները չեն փչացել, իրենք միմյանց հետ խնդիրներ չունեն: Դեպքից հետո ինքը սթրես է տարել, ինչի պատճառով չի հիշում մանրամասները: Արսենը նշել է, որ կռվի մյուս մասնակցի ու ներկաների մոտ ինքը դանակ չի տեսել:

Նախաքննության ժամանակ տված լրացուցիչ ցուցմունքում Արսենը հայտնել է, որ իր ու Հայկի խոսակցությունը կապված է եղել իրենց դպրոցի աշակերտուհի Արուսի հետ:

Ինքը «Ֆեյսբուքով» իր համադասարանցի Գուրգենից հետաքրքրվել է Արուսի մասին, քանի որ աղջիկն իրեն դուր էր գալիս: Գուրգենի էջից ինքը հաղորդագրություն է ստացել, որում Արուսը վատ է բնութագրվել: Ինքն ու Գուրգենը հաղորդագրություններով քննարկել են Արուսի թեման: Ինքը Գուրգենից բացի՝ այդ թեմայով ոչ ոքի հետ չի խոսել: Իսկ Գուրգենին դիմել էր այն պատճառով, որ Գուրգենն Արուսի հետ մտերիմ էր: Հետագայում Գուրգենն իրեն վստահեցրել է, որ Արուսին վատ բնութագրող հաղորդագրությունները ինքը չի գրել, այլ ինչ-որ մեկը մուտք է գործել նրա էջ ու հաղորդագրություններ է գրել նրա անունից:

Ինքը Գուրգենից իմացել է, որ նրա էջ մուտք է գործել նաև նրա ընկերուհին, ով ճանաչում էր Արուսին, կարդացել է Արուսին վերաբերող հաղորդագրությունները ու պատմել է Արուսին:

Ըստ Արսենի՝ երբ դպրոցի բակում Հայկը մոտեցել է իրեն ու ասել է, թե ուզում է խոսել Արուսի թեմայով, ինքը համաձայնել է: Խոսակցությունը սկսել է Հայկը, նա հարցրել է, թե ինչո՞ւ է ինքը վատ արտահայտություններ գրել աղջկա հասցեին: Արուսն էր Հայկին պատմել հաղորդագրությունների մասին:

Ինքը ցանկացել է Հայկին բացատրել իրականությունը, բայց Հայկն ընդհատել է իրեն ու ցանկացել է հեռախոսով բացել հաղորդագրությունները: Մինչև հաղորդագրությունները բացելը՝ Հայկը սկսել է բարձր տոնով խոսել, ինքն էլ է ձայնը բարձրացրել: Իրենք սկսել են վիճել: Ինքը մտադրություն չի ունեցել լուրջ վիճելու, ցանկացել է բացատրել իրականությունը, բայց Հայկն իրեն չի լսել: Նա անսպասելի բռունցքով խփել է իր դեմքին: Իրենք սկսել են միմյանց խառը հարվածել: Ռուբենն ու Դերենիկը միջամտել են, իրենց հեռացրել են իրարից: Այդ ժամանակ Հայկը հայհոյել է իր ծնողների հասցեին: Քանի որ իր հայրը մահացած է, ինքը ցավագին է ընդունել հայհոյանքները, դուրս է պրծել Դերենիկի ձեռքից, փորձել է ձեռքերով ու ոտքերով հարվածել Հայկին, ով շարունակում էր հայհոյել: Հայկը նույնպես ազատվել է ընկերոջ ձեռքից, բռունցքներով հարձակվել է իր վրա:

Ինքն ու Հայկը գետնին են ընկել, ինքը՝ ներքևում, Հայկը՝ իր վրա: Մինչև գետնին ընկնելը ինքը դանակը հանել ու մեկ հարված էր հասցրել Հայկի ձախ ձեռքին: Գետնին ընկնելուց հետո, քանի որ Հայկը վերևում էր ու հարվածում էր իրեն, նրանից ազատվելու համար ինքը դանակով հարվածել է նրան: Չի հիշում՝ նրա մարմնի որ մասերին է խփել, երևի խփել է երկու անգամ: Հետո իրենք գետնից վեր են կացել: Հայկն այլևս չէր հայհոյում ու չէր հարձակվում:

Ինքը նկատել է, որ նրա ձեռքից արյուն է գալիս: Ինքը շատ է խառնվել, չի իմացել՝ ինչ անի: Գնացել է դպրոց, որտեղ մուտքի մոտ կանգնած էին փոխտնօրենները: Նրանց ասել է, թե ինչ է արել: Դպրոցում է նկատել, որ իր տաբատի ու շապիկի վրա արյան հետքեր կան: Ջրով մաքրել ու գնացել է տուն:

Պատմել է իր արածի մասին, շորերը փոխել ու երեկոյան ծնողների հետ ներկայացել է ոստիկանություն: Հաջորդ օրը ծնողները դեպքի պահին իր հագին եղած հագուստն ու դանակը ներկայացրել են ոստիկանություն:

Տուժողը հայտնել է, որ իր բուժման ծախսերը հոգացել է Արսենի հայրը, ինքը նրանից որևէ պահանջ չունի, խնդրում է Արսենին պատասխանատվության չենթարկել:

Դատարանը հաստատված է գնահատել Արսեն Մ.-ի մեղքը՝ տուժողի առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու համար:

Դատարանը հաշվի է առել, որ հանցագործության կատարմանը նպաստել է տուժողի հակաբարոյական վարքագիծը՝ հայհոյանքներ տալը, կռիվը նախաձեռնելը:

Արսեն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular