ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքականությունը ոչինչ չի բացառում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդեն մոտ մեկ շաբաթ է, ինչ ավարտվել է Թուրքիայի սանձազերծած պատերազմը, իհարկե դեռ պարզ չէ, թե այդ ավարտը որքան հաստատուն է և ինչքան ժամանակով, սակայն ավարտվել է, և ռուս խաղաղապահների տեղակայումը դրա որոշակի կայուն վկայությունն է: Հազիվ թե Թուրքիան և առավել ևս Ադրբեջանը վերսկսեն լայնամասշտաբ ռազմական գործողություն ռուսական զինուժի «գլխի վրայով»: Աշխարհաքաղաքականության մեջ չի բացառվում ոչինչ, սակայն այդ նույն չբացառման տրամաբանությամբ էլ պետք չէ բացառել այն, որ այդ դեպքում Ռուսաստանը պարզապես գործի կարող է դնել ամբողջ հարավային ռազմական օկրուգն ու Կասպիական նավատորմը: Մոսկվան ստեղծել է դրա նախադրյալը: Հետևաբար իրավիճակը անկասկած, բազմաբևեռ է, և պատերազմը տվել է ռեգիոնալ վերադասավորումների քաղաքական գործընթացի մեկնարկ: Իրականում մեկնարկը տրված է, պատերազմը՝ ավարտված, և այժմ ընթանում են արդեն քաղաքական տարբեր կալիբրի գործընթացներ՝ թե՛ ռեգիոնալ, թե՛ նաև ներքին բնույթի, ինչպես, օրինակ, Հայաստանում: Պետք չէ կասկածել, որ տեսանելի ապագայում այդ գործընթացը ծավալվելու է նաև Ադրբեջանում:

Բաքվում այժմ հաղթանակի էյֆորիան է, մինչև կգա ռազմավարական ձախողման և պարտության գիտակցումը: Այդ գիտակցման հասունացման ուղղությամբ աշխատելու է առնվազն երկու կենտրոն՝ Մոսկվան և Թեհրանը, որոնք չեն մարսելու Թուրքիայի կլանումը և ռեգիոնալ, այսպես ասած, բլից-կրիգի տրամաբանությամբ պատերազմով Կովկաս ներխուժումը՝ ռուսաստանյան և իրանյան կենսական շահերի տարածք, որտեղ ստեղծվում են մեծ սպառնալիքներ: Այդ աշխատանքը՝ Ադրբեջանում ռազմավարական պարտության գիտակցման ձևավորման ուղղությամբ, արդեն իսկ սկսված է: Մեծ հաշվով, Ալիևը կրակեց իր վերջին փամփուշտը, որովհետև նա Ադրբեջանի ոչ միայն ներսոցիալ-տնտեսական, այլ նաև ներքին կլանա-քաղաքական խնդիրները քողարկում ու կառավարում էր արցախյան հաղթանակի «սպասումով»: Հիմա նա ավետել է այդ հաղթանակը, բայց միևնույն ժամանակ թե՛ նա, թե՛ ներսի խաղացողները, թե՛ ներսի խաղի վրա աշխատող ուժային կենտրոնները լավ են պատկերացնում, որ «հաղթանակն» իրականում, այսպես ասած, ծածկույթն էր, իսկ պատճառները բոլորովին այլ տեղ են և Ալիևի համար՝ անլուծելի:

Հետևաբար ժամանակի ընթացքում այդ խնդիրները լինելու են հաղթանակի ձայնից ավելի բարձր, առաջին հերթին հենց այն պատճառով, որ դրանք ունեն շահառուներ ռեգիոնալ և միջազգային ուժային առնվազն երկու էական կենտրոնում՝ Մոսկվա և Թեհրան: Նաև այդ պատճառով է կարևոր, որ ծանր ռազմական, ռազմաքաղաքական պարտության, հայրենազրկության և դրանից բխող հոգեբանական ծանր վիճակով հանդերձ՝ Հայաստանը ոչ միայն չկազմալուծվի ներսում, այլև դառնա էլ ավելի հավաք և պատրաստ այն մեծ զարգացումներին, որ դեռ ծավալվելու են սկսված ռեգիոնալ վերաձևումների շրջափուլում: Հայաստանում անհրաժեշտություն է դառնում տեսանելի ապագայում ընտրական գործընթացի միջոցով քաղաքական և հոգեբանական ճգնաժամի հաղթահարումը, ինչի համար շատ կարևոր է, որ լինի ոչ միայն նոր գործընթաց՝ որպես մեխանիզմ կամ ֆորմալություն, այլև լինի նոր գործընթաց՝ որպես որակապես նոր քաղաքական իրողության ճանապարհ: Սա բարդ խնդիր է, բայց թշնամուն պարտվելուց հետո մենք իրավունք չունենք պարտվելու ինքներս մեզ: Պետք է միացնել այլևս Ադրբեջանի պարտության հաշվիչը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular