ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Մակրոնը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պուտինն ու Մակրոնը շեշտել են հումանիտար հրատապ հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների վերադարձը, բնակչության նորմալ կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի պահպանումը։

 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով երկու երկրների համանախագահությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսաստանյան կողմի ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունն ու խուսափել նոր զոհերից, ինչպես նաև խոսել է շփման գծի ու Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահների տեղակայման մասին։

Նշվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության կետերը կատարվում են, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուտինն ու Մակրոնը, պատրաստակամություն հայտնելով համակարգել ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով համանախագահ երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի աշխատանքները, շեշտել են հումանիտար հրատապ հարցերի լուծման կարևորությունը, այդ թվում՝ փախստականների վերադարձը մշտական բնակության վայրեր, բնակչության նորմալ կենսագործունեության համար պայմանների ապահովումը, ենթակառուցվածքների վերականգնումը, քրիստոնեական եկեղեցիների ու վանքերի պահպանումը։ Այդ առնչությամբ ՌԴ նախագահը տեղեկացրել է ռուսաստանյան Հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծման մասին։

Շոշափվել են նաև երկկողմ համագործակցության վերաբերող մի քանի հարցեր, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքի համատեղ հակազդման վերաբերյալ։

Նախագահները դրական են գնահատել Մոսկվայում նոյեմբերի 11-12-ին տեղի ունեցած՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժ. Դարմանենի բանակցությունները ռուսաստանյան պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular