ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներ­քին թշնա­ման­քի մե­խա­նի­կան. ին­չի՞ կա­րող է հան­գեց­նել ատե­լու­թյան անա­սե­լի գե­նե­րա­ցի­ան․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո Հայաստանում ատելության և թշնամանքի մթնոլորտը նոր լիցքեր է ստանում։ Իրավիճակը հատկապես շատ զգայուն է սոցցանցերում, որտեղ տեղի է ունենում ատելության հիմնական գեներացիան։ Թշնամանքի այսպիսի պոռթկումների պատճառը թերևս երկուսուկես տարի շարունակ երկրում հաստատված մթնոլորտն է։ Եվ այսպիսի իրավիճակի մեկնակետը կարելի է համարել 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը, որից հետո հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի և այլն։

Որքան էլ երեկ Նիկոլ Փաշինյանը փորձում էր մեղքը գցել այլոց վրա, թե իբր իշխանությունն ավելի շատ է թիրախավորվել, իրականում այս գործելակերպը դարձավ իշխանությունների կողմից նպատակաուղղված քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ Այդպիսով նրանց հաջողվում էր հանրության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից և ձախողումների պատասխանատվությունը սրբագրել նախկինների և այլոց վրա։ Այդ իսկ նպատակով որպես ներքաղաքական գործիք գործի դրվեց ֆեյքերի բազմահազարանոց ֆաբրիկան, որի վրա դրված է ատելության գեներացման և ուղեղալվացման հիմնական առաքելությունը։

Ի վերջո, հասանք մի իրավիճակի, որ օրեցօր ահագնացող թշնամանքը փոխադարձ ատելություն և հակակրանք է առաջացնում, իսկ անտագոնիզմը դառնում է ներքաղաքական զարգացումների անբաժանելի կոմպոնենտներից մեկը։ Սակայն ամենավատն այն է, որ նույնիսկ պատերազմի ընթացքում ամբողջական քայլեր չձեռնարկվեցին ներքին թշնամանքի դոզան թուլացնելու և հանրությանը լիարժեք համախմբելու համար։ Եվ դրա արդյունքում է, որ այսօր սոցցանցերում լայնորեն տարածվում է այն միտքը, թե իսկական թշնամին ներսում է։ Ընդհանուր չափազանց լարված բարոյահոգեբանական մթնոլորտը, բնականաբար, սրանից ավելի է տուժում։ Հետպատերազմյան այս ծանր փուլում հասարակության տարբեր խմբեր ոչ թե փորձում են ըմբռնել պահի լրջությունը, այլ ձգտում են ներքին թշնամիներ և մեղավորներ փնտրել։ Եթե այս իրադրությունը որոշ ժամանակ էլ շարունակվի, ապա բացառված չէ, որ Հայաստանն իր արտաքին սպառնալիքների դեմ պայքարելու փոխարեն գլորվի անկայունության հորձանուտը։

Իսկ պատերազմի արդյունքներից առկա հիասթափությունը և զայրույթը նպաստավոր իրավիճակ են ստեղծում բախումների և ընդհարումների համար, ինչի վտանգավորության աստիճանը բարձրանում է, քանի որ դրան առաջին հերթին նպաստում է Նիկոլ Փաշինյանն իր ելույթներով, կոչերով ու վերջապես մնալով իր պաշտոնին: Այսպիսի իրադրության անընդունելիության մասին ամենից առաջ պետք է գիտակցեն իշխանությունները։ Այս թշնամանքը ոչ միայն կարող է հասարակության բզկտման և պետության թուլացման պատճառ դառնալ: Մենք ականատես եղանք, թե ինչպես նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք զայրացած քաղաքացիներ ներխուժեցին կառավարության և ԱԺ-ի շենքեր, վնասեցին այնտեղի գույքը և ծեծի ենթարկեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Սա, իհարկե, ծայրահեղ անթույլատրելի քայլ էր:

Քաղաքական դաշտում ներկայացված ուժերի մեծամասնությունը հայտարարեց, որ անընդունելի է համարում այդպիսի ջարդարարական գործելակերպը, թեպետ Նիկոլ Փաշինյանը հակառակն է պնդում. դժվար է ասել՝ դիտավորյալ, թե սխալ տեղեկացված լինելու պատճառով: Իսկ ինքը՝ Փաշինյանը, այս ծայրահեղ էմոցիոնալ իրադրության պայմաններում չի կարողանում տիրապետել իրեն և վրեժի ու հաշվեհարդարի հերթական կոչերն է անում, հետո արդարանում, թե այդ չի նկատի ունեցել, կամ պարզապես փորձում է «սվաղել»: Ներկայիս էմոցիոնալ իրավիճակն առաջին հերթին պահանջում է երկկողմանի զսպվածություն, իսկ իշխանությունները պետք է ամեն ջանք գործադրեն թշնամանքի մթնոլորտը մեղմացնելու և հանդարտեցնելու ուղղությամբ, հակառակ դեպքում մեր երկիրը վատթարագույն պայմաններում կարող է հայտնվել։ Ինչպես երևում է, օրվա իշխանությունները չեն գիտակցում պահի լրջությունը, սակայն դեռևս ուշ չէ ուշքի գալու համար։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular