Մոսկվայում հարազատներն ու երկրպագուները վերջին հրաժեշտն են տալիս Արմեն Ջիգարխանյանին (տեսանյութ)
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայի դրամատիկական թատրոնում սկսվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հոգեհանգստի արարողությունը։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, արտիստին վերջին հրաժեշտը տալու են եկել նրա գործընկերները, ընկերները, հարազատներն ու երկրպագուները։
Թատրոնի նախասրահում դրված է Ջիգարխանյանի դիմանկարը՝ շրջապատված ընկերների ու գործընկերների կողմից բերված ծաղկեպսակներով։ Դագաղը դրված է թատրոնի բեմին, դահլիճում հնչում է երաժշտություն, իսկ էկրանին ցուցադրվում են արտիստի լուսանկարները։
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, հոգեհանգստի արարողությունը պետք է սկսվեր կեսօրին, սակայն դերասանին վերջին հրաժեշտը տալ ցանկացողներին սկսել են ներս թողնել 11:30-ից (երևանյան ժամանակով՝ 12:30-ից)։
Արարողությունը տևելու է մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ն։ Մեծանուն դերասանը հուղարկավորվելու է Վագանկովյան գերեզմանատանը՝ դստեր կողքին։
Հիշեցնենք, որ խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է լույս նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում։
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:
Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է: