ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստ է՝ պետք է ճիշտ մանևրել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ Մինսկի խմբի երկու համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձում են վերադառնալ Կովկաս, որտեղ երրորդ համանախագահ Ռուսաստանը, օրերս պայմանավորվելով Թուրքիայի հետ, դադարեցրել է սեպտեմբերի 27-ին Անկարայի սանձազերծած ահաբեկչական պատերազմը: Դադարի իրավիճակն ու պայմանները հայտնի են, ինչպես նաև հայտնի են խնդիրները, որ նոյեմբերի 9-ից հետո հրատապ կարգով կանգնած են Հայաստանի առաջ: Դրանք են՝ պատերազմի վերսկսման բացառումը, որում առանցքային դեր ունեն ռուս խաղաղապահները, և հաջորդիվ, այսպես ասած, տարածքների՝ Քարվաճառի և Լաչինի փրկումը, Շուշիի և Հադրութի հարցերը: Քարվաճառից ու Լաչինից մարդիկ արդեն դուրս են գալիս, դուրս են գալիս հայկական ուժերը, սակայն այստեղ իրավիճակը անշուշտ միարժեք չէ: Ի վերջո, կա առերևույթ պատկեր, և կա իրավիճակ, այսպես ասած, քաղաքական իրական գետնի վրա: Այդ գետնի վրա է, որ պատկերը միարժեք չէ և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մուտքով կարող է փոխվել: Համենայնդեպս, կա հնարավորություն, որը առավելագույնս օգտագործելու համար հնարավորն ու անհնարինն անելը հայկական կողմի պարտքն է: Այդ խնդիրը լուծելու համար, իհարկե, պետք է աշխատանք ոչ միայն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, այլ նաև Ռուսաստանի հետ:

Անկասկած է մի բան, որ ներկայումս առանցքային գործոնը դարձել է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, սակայն, Մոսկվայի համար իր ձեռքբերումը ամրացնելու հարցում օգտակար է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը, նաև այն հարցադրումներով, որոնք կբարդացնեն քաղաքական իրավիճակը, կբարդացնեն հարցադրումները և այդպիսով կստեղծեն բավականին իրարամերժ բովանդակություն, ինչը թույլ կտա Ռուսաստանին մի կողմից՝ խուսափել համաձայնագրի կատարման ընթացքից շեղումների համար միանձնյա պատասխանատվություն կրելուց՝ որպես մոդերատոր, մյուս կողմից՝ ունենալ այդ շեղումները: Անկասկած է, որ Մոսկվայի շահերից է բխում թե՛ տարածքները չվերադարձնելը, թե՛ Հադրութի և Շուշիի խնդիրները լուծելն ու այնտեղ Ադրբեջանի հաստատուն ներկայությունը կանխելը: Սրանք անշուշտ բարդ խնդիրներ են, սակայն դիվանագիտությունը կոչված է հենց այդպիսի խնդիրներ լուծելու:

Փաստացի, եթե հայկական կողմը չի կարողանում մնալ, ապա պետք է ձգտել անել ամեն ինչ ադրբեջանցիներին էլ դա թույլ չտալու և ռուսական խաղաղապահ մանդատի գործողության աշխարհագրությունը ընդլայնելու համար: Այդպիսով հնարավոր է ընդլայնել նաև ժամանակային տարածություն, որը թույլ կտա հետագայում ավելի շատ ժամանակ ունենալ ավելի սկզբունքային խնդիրներ լուծելու համար: Այս ամենի հետ մեկտեղ Երևանը բնականաբար պետք է փորձի ձևավորել ընդհանուր հետաքրքրության ու շահերի շրջանակ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև, որպեսզի պահպանվի առնվազն այն ստատուս-քվոն, որ հաստատված է պատերազմով, ոչ թե համաձայնագրով:

Առաջին փուլում պետք է լուծել այդ խնդիրը, որի լուծման հարցում, ընդ որում, կարող է օգտակար լինել հենց պատերազմական ստատուս-քվոյի շրջանակում մնացած խնդիրների բարձրաձայնումը՝ Հադրութ և Շուշի, հատկապես հայկական մարգարտի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման համատեքստում: Առաջին փուլում այդ հարցադրումների բարձրաձայնումը կարող է թույլ տալ մեծ հնարավորություն ստանալ զիջման ենթակա տարածքների հարցն առկախելու և հնարավորինս սառեցնելու համար՝ թեկուզ ռուս խաղաղապահների ենթակայության ներքո տեղափոխելու գնով: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են այդ հարցում լինել իրապես օգտակար գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ-ի համար, որովհետև Ռուսաստանը ունի Անկարայի և Բաքվի հետ ավելի ուժեղ քաղաքական դիրքից խոսելու անհրաժեշտություն: Ըստ այդմ, գործընթացը հնարավորինս արագ Մինսկի խումբ տեղափոխելը դառնում է քաղաքական էական առաջնահերթություն:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular