ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի հրաժարականի պահանջի նախագծում պետք է ներկայացվի նաև նոր վարչապետի անունը. Էմիլ Օրդուխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով միանշանակ է, որ ստեղծված իրավիաճկից դուրս գալու ելքեր պետք է գտնել, բայց ճգնաժամի պայմաններում պատասխանատվությունից փախչելը ամենահեշտն է: Ուստի նախ պետք է մտածել այս իրավիճակից դուրս գալու մասին, որից հետո նոր պետք է մտածել պատասխանատվությունների և հետագա քայլերի մասին:

«Պետք է հաշվի առնել նաև, որ դեռևա ռազմական դրություն է հայտարարված, իսկ Սահմանադրության 115 հոդվածով, այդ իրավիճակում վարչապետին անվստահություն հայտնելն ուղղակի անհնարին է: Մյուս կողմից խոսք է գնում նոր գերիների հայտնաբերման մասին, ինչը խոսում է այն մասին, որ պատերազմը փաստացի դեռ չի ավարտվել: Ուստի այս պայմաններում հարց է ծագում, թե որքանո՞վ է իրատեսական ռազմական դրությունը վերացնելու պահանջը: Սահմանադրության 115-րդ հոդվածում ասվում է նաև, որ վարչապետի հրաժարականի պահանջի նախագծում պետք է ներկայացվի նաև նոր վարչապետի անունը, ինչը ևս, կարծես թե՝ շրջանցվում է քաղաքական ուժերի կողմից: Եթե մենք անկեղծ ենք մեր պահանջում, հետևապես պետք է անկեղծ լինենք հետևելու նաև սահմանադրական նորմին և ներկայացնենք այն վարչապետին, որը պետք է փոխարինի գործող վարչապետին»,-1or.am-ի հետ զրույցում ասաց Է. Օրդուխանյանը:

Սահմանադրության նորմը շրջանցելու դեպքում կստեղծվի սխալների մի նոր կծիկ, որը հետագայում քանդել շատ դժվար կլինի: Ինչ վերաբերում է իշխանությունների հրաժարականի պահանջին, ապա, ըստ քաղաքագետի՝ դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ամեն ինչ պետք է իրականացվի օրինական ճանապարհով:

«Ես չգիտեմ՝ ինչով են զբաղված իշխանական պատգամավորները, բայց իշխանությունը պահելու փորձերից առաջ պետք է հղում անեն օրենքներին և Սահմանադրությանը, որպեսզի քննարկումները դուրս չգան թույլատրելիի սահմաններից: Մյուս կողմից դիվանագիտական դաշտում կա ահռելի մեծ աշխատանք, ուստի մեզ պետք են հմուտ և փորձառու դիվանագետներ, որոնք կառաջնորդվեն բացառապես Հայաստանի ազգային, պետական շահերով: Միևնույն ժամանակ նրանք պետք է օժտված լինեն այնպիսի հատկանիշներով, որ մեր շահերը կարողանան համադրել Հայաստանի դաշնակցի և միջազգային դաշտում Հայաստանի հանդեպ դրական տրամադրվածություն ունեցող սուբյեկտների շահերին: Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել, որ միջազգային իրավունքի տեսանկյունից, Ադրբեջանը որևէ լծակ չունի Հայաստանից որևէ բան պահանջելու, քանի որ պատերազմը ընթացել է Արցախում: Ուստի մեր դիվանագետները պետք է փորձեն այս հարցերի շուրջ բանակցել և առաջարկներ ներկայացնել»,- ասաց Է.Օրդուխանյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular