ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնումից հետո, իմ ծննդավայրը՝ Վարդենիսը, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինչ եմ արել ես նոյեմբերի 9-ի լույս 10-ի չարաբաստիկի գիշերվա, չարաբաստիկ սև փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո, երբ բոլոր շարքային քաղաքացիների նման՝ ես էլ այդ ամենի մասին իմացել եմ մամուլից:

Ես հաջորդ օրը գնացել եմ Արցախ, հասկանալու՝ ինչ է տեղի ունենում, ինչ կարող ենք անել, և արդյո՞ք այդ փաստաթուղթը որևէ կերպ հնարավոր է խմբագրել, վերախմբագրել, կամ որևէ բան կարող ենք արդյոք փոխել՝ թեկուզ ժամկետների մասով»,- խորհրդարանում հայտնեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորը նշեց, որ հանդիպել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդներին, ՀՀ-ում ՌԴ դեսպանին.  «Դաժան տեսարանների, իհարկե, ականատես եմ եղել և, թերևս, դրանք նկարագրելու չեն, թե ինչքան ցավ կար բոլորի մեջ, որ մենք կորցրել ենք հայրենիք: Որոշ մասը կորցրել ենք ռազմաճակատում, որոշ մասը կորցրեցինք փաստաթղթով:

Այնուհետև հանդիպել եմ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, մեր հոգևոր առաջնորդին, այսօր հյուրընկալվել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանին: Այսինքն՝ փորձել եմ անել հնարավորը, ինչը կարող էր ինձնից կախված լինել, որպեսզի հասկանամ՝  կարո՞ղ  ենք մենք այս իրավիճակում որևէ բան խմբագրել, վերախմբագրել:

Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք, և եթե իմ շատ գործընկերների համար հայրենիքի կորուստն իրենցից հեռու է, ես այդ հայրենիքի կորուստն ուղիղ իմ մաշկի վրա եմ զգում, որովհետև Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնումից հետո, իմ սիրելի ծննդավայրը՝ Վարդենիսը՝ 36 գյուղերով, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում, ու ես չեմ կարող էդ մասով և չէի կարող լռել»:

Թագուհի Թովմասյանը խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու իր որոշման մասին.  «Դիմումն արդեն ներկայացրել եմ և այդ քայլով ես փորձում եմ իմ բողոքը հայտնել այս ամենի դեմ, իմ կորցրած հայրենիքի դեմ, իմ անորոշության և անկարողության համար: Որովհետև ես, փաստորեն, լինելով պատգամավոր, ընտրված լինելով այդ մարզից, և չունենալով մանդատ որևէ կերպ իմ հայրենիքի սահմանները վտանգելու, ես փաստացի իրենց տալիս եմ վտանգված հայրենիք: Չէի ցանկանա, բայց ունենք այս իրավիճակը, և ես չէի կարող ուղղակի ոչինչ չանել և նստել-սպասել՝ ինչ է լինում:

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, կամ իմ հետագա գործունեությանը՝ ես ուզում եմ հայտարարել, որ ես քաղաքական որևէ օրակարգ չեմ սպասարկում:  Իմ օրակարգում բացառապես իմ հայրենիքի շահն է, և իմ հայրենիքն այսօր գտնվում է վիրավոր, ծանր, վիրավորված արժանապատվությամբ և փաստաթղթով թշնամուն հանձնված վիճակում:  Սա աններելի է ուղղակի:

Իհարկե, կարող էի պատգամավորի մանդատից էլ հրաժարվել, բայց դա չարեցի իմ շատ գործընկերների և ավագ գործընկերների, ինչպես նաև՝  արցախցի ինձ համար շատ հարգարժան մարդկանց խնդրանքով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular