ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի նուրբ ակնարկը Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թեև Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմի 44-րդ օրը ՌԴ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերով հնարավոր եղավ կանգնեցնել, սակայն, Շուշիի անկման պատճառահետևանքային կապը, դեռևս մինչև վերջ մեկնաբանված ու պարզաբանված չէ: Ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, բայց այս պահին ունենք այն՝ ինչ ունենք: Պատերազմի դադարից անմիջապես հետո հասարակությունը սկսեց պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը, որին ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանում չի կարելի իշխանափոխություն թույլ տալ: Դրանից հետո խոսեց նաև Փաշինյանը, ներկայացնելով Շուշիի շուրջ ծավալված իրադարձությունների որոշ մանրամասներ, ինչը կրկին չհանդարտեցրեց նրա հրաժարականը պահաջող քաղաքական ուժերի կրքերը: Եվ ահա, իշխանությունների դեմ փոթորկող ալիքը հանդարտեցնելու համար գործի դրվեց մեկ այլ սցենար, այս անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ:

1or.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում ընդդիմությանը հանդարտեցնելու համար Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել ՌԴ նախագահին հանդես գալ հայտարարությամբ, խնդրանքը հիմնավորելով, որ իր կողմից ստորագրած փաստաթղթի պատճառով հայաստանյան պրոռուսական քաղաքական ուժերը իր դեմ են դուրս եկել և պահանջում են ստորագրված փաստաթղթի չեղարկումը: Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանում ծավալվող ներքաղաքական պայքարը, դե ֆակտո հակառուսական պահանջ է և եթե այդպես շարունակվի, ինքը չի կարողանալու պայմանավորվածությունները հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Պուտինին խնդրել է պայմաններ ստեղծել, որպեսզի հետագա քայլերը հնարավոր լինի իրականացնել: ՌԴ նախագահի նոյեմբերի 17-ին տված հարցազրույցը հենց այդ նպատակն էր հետապնդում, որի ժամանակ կրկին ծագեց Շուշին հանձնելու հարցը: Վ. Պուտինի խոսքով՝ թեև Փաշինյանը դավաճանական քայլ չի կատարել իր ժողովրդի հանդեպ, սակայն, ավելի վաղ չի համաձայնել կանգնեցնել պատերազմը, քանի որ արդբեջանական կողմի պահանջով պետք է համաձայնվեր ադրբեջանցիներին Շուշիում բնակվելու պայմանն ընդունել, ինչին էլ, ըստ Պուտինի՝ չի համաձայնել Փաշինյանը և որոշում է կայացրել պայքարել մինչև վերջ: Այս քայլով ՌԴ նախագահը մի կողմից հերքեց Փաշինյանի կողմից դավաճանական քայլ կատարելու մասին լուրերը, մյուս կողմից ակնարկեց, որ պայմանն ընդունելը կարող էր ավելի խելամիտ լուծում լինել, ինչին, փաստորեն, չի համաձայնվել Փաշինյանը:

Այս ամենից պարզ երևում է, որ Փաշինյանը դեռ որոշ ժամանակ պետք է լինելու ռուսական կողմին, իր ստորագրած փաստաթղթի կետերը կյանքի կոչելու համար: Ուստի, այս փուլում ՀՀ-ում իշխանափոխությունն ամենևին էլ ռուսական շահերից չի բխում, իսկ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո արդեն Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարության համար մեծ հաշվով միևնույն կլինի, թե Հայաստանի ներսում ինչպիսի քաղաքական իրադարձություններ տեղի կունենան և ով կգա իշխանության:

Կարեն Սարգսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular