ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ, Սոցապ, Առողջապահության, ԲՏԱ նախարարները չեն պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ լրագրողները մի քանի նախարարներից փորձեցին ճշտել, թե արդյո՞ք չեն պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի կապիտուլյացիայի հայտարարությունը ստորագրեց։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ չի պատրաստվում ներկայացնել հրաժարականի դիմում։

Հարցին՝ չի պատրաստվո՞ւմ հրաժարական տալ, որպեսզի դավաճանի պիտակը չմնա իր վրա դաջված, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես պատմաբան եմ և կարող եմ ասել, որ պատմությունն ամեն ինչին գնահատական կտա»։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ նշեց, որ չի կարող պատասխանել հրաժարականի հետ կապված հարցին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նույնպես նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ.

«Եթե հրաժարական տալու ցանկություն ունենայի, ապա վաղուց կտայի, ինչպես մեր որոշ գործընկերներ» ։

Դիտարկմանը, որ հասարակությունն այս իշխանությանը համարում է «հող հանձնող» իշխանություն, Արսեն Թորոսյանը նկատեց, որ «կլիշեներին» չի անդրադառնում.

«Հարցին բազմիցս պատասխան տրվել է, թե ինչպես է ստացվել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նման իրավիճակ է ստեղծվել, և ստորագրված հայտարարությունն ինչ հնարավորություններ է թողել մեզ և քանի հազար կյանքեր է փրկել։ Կարծում եմ՝ այն էմոցիոնալ շոկը, որը ստացել ենք բոլորս, աստիճանաբար տրանսֆորմացվելու է այն ուժի ու եռանդի, որով մենք պետք է շենացնենք մեր երկիրը։ Կարծում եմ՝ անցումային ներքաղաքական ճգնաժամը, որն ավելի շատ երկրում անկայունություն սերմանելու միտում ուներ, աստիճանաբար կմեղմվի մեր կողմից ճանապարհային քարտեզի և՛ ներկայացման, և՛ իրականացման ժամանակ։ Հանրությունը պարբերաբար ընտրությունների միջոցով հնարավորություն ունի վերահաստատելու այս կամ այն ուժին իր վստահությունը»։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ հրաժարվեց պատասխանել հարցին՝ հրաժարական տալո՞ւ է, թե՞ ոչ։

Ի դեպ, նշենք, որ, եթե նախկինում Կառավարության հետ ԱԺ-ի հարց ու պատասխանի ժամանակ Կառավարության անդամներին հարցեր ուղղելու համար գրանցվում էին 47-48 պատգամավոր, այսօր գրանցվել էր ընդամենը 7 պատգամավոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular