Պաշտոնյաներին Արցախում «սվիններով» են ընդունել․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտնի հայտարարությունը ստորագրվեց գրեթե գաղտնի, քանի որ ոչ ոք տեղյակ չէր ընթացող գործընթացից, անգամ, ինչպես ինքը խոստովանեց, նաև ՀՀ նախագահը։ Ստորագրման փաստը հանրության կողմից, բնականաբար, ընդունվեց սվիններով և իշխանություններին ուղղված հրաժարականի կոչերով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, համաձայնագրի ընդունումն անհամեմատ ցավոտ է ընդունվել Արցախում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար նոյեմբերի 10-ի գիշերը «իմքայլական» մի քանի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, նախարարներ, այցելել են Ստեփանակերտ և փորձել տեղում կանխել հնարավոր զարգացումները:
Ըստ մեր զրուցակցի, երբ նրանք հասել են Ստեփանակերտի հրապարակ, այնտեղ շոկի մեջ գտնվող տեղացիները, ճանաչելով պաշտոնյաներին՝ շատ մեղմ ասած, բուռն վերաբերմունքի են արժանացրել նրանց՝ նշելով, թե «ՀՀ իշխանությունները դավադրաբար հանձնեցին Արցախի հողերը»։ Թերթի տեղեկություններով, իրավիճակը տեղում փորձել են հարթել Արցախի իշխանության ներկայացուցիչները, որոնք ՀՀից գնացած չինովնիկներին ուղղակի փախցրել են մարդաշատ հրապարակից՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար։ Իսկ ընդհանրապես, Արցախից ստացվող տեղեկություններով, այնտեղ չափազանց բացասաբար են տրամադրված գործող իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում