ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ին­չո՞ւ են հե­տև­ո­ղա­կա­նո­րեն թի­րա­խա­վո­րում բա­նա­կը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

44 օր տևած պատերազմի ընթացքում բոլորիս ուշադրությունը սևեռված էր բանակի և մեր զինվորականների գործողությունների վրա։ Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պայմաններում փաստացի բանակն իր ուսերին տարավ պատերազմի ծանրությունը։ Իսկ այն հարցը, թե որքան էին մեր զինված ուժերը պատրաստված լայնամասշտաբ ռազմական գործողությունների սցենարին, այսօր հիմնական քննարկվող թեմաներից մեկն է։ Եվ այս համատեքստում առավել քան արդիական է այն խնդիրը, թե այս երկուսուկես տարվա ընթացքում ի՞նչ պետք է արվեր բանակի համար, որ չարվեց։

Պետք է հիշեցնել, որ ներկայիս իշխանությունների պաշտոնավարման առաջին իսկ օրերից հիմք դրվեց բանակի վարկաբեկման գործընթացին, երբ բանակի մի շարք բարձրաստիճան սպաներ ու հայտնի գեներալներ ուղղակի կամ անուղղակի թիրախավորվեցին։ Արդյունքում նրանք անցնում էին տարբեր քրեական գործերով և պիտակավորվում որպես «թալանչիներ», «դավաճաններ», «հակահեղափոխականներ»։ Այնինչ երկարամյա փորձ ունեցող սպաների և գեներալների ներուժը կարող էր կենտրոնանալ բանակի ներուժի ավելացման և հզորացման վրա։ Բացի դրանից, իշխանությունները երկուսուկես տարի շարունակ կեղծ խաղաղասիրություն էին քարոզում՝ հասարակությանն իբր պատրաստելով խաղաղության և բթացնելով հանրության զգոնությունը, այնինչ Ադրբեջանը օրեցօր ավելացնում էր իր պատերազմական հռետորաբանությունը։

Ինչևիցե, փոխանակ գոնե այսօր գիտակցեն իրենց սխալները և թերացումները, իշխանության ներկայացուցիչները շարունակում են ցեխ շպրտել բանակի ուղղությամբ։ Պատերազմի ավարտից հետո մասնավորաբար ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն հարձակվում է պաշտպանության նախարարի վրա, այլև ամբաստանում ու վարկաբեկում է բանակը։ Վերջինս ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե «բանակ էլ համարյա չկա, դրանք զինված մարդիկ են»։ Այսպիսի հայտարարությամբ Քոչարյանը փաստացի դուրս է գալիս սեփական երկրի բանակի դեմ։ Սա այնպիսի հարց է, որ անձնական տարաձայնությունները և հավակնությունները պետք է մի կողմում մնան։ Եթե խնդիրն ավելի շատ անձնական է, իրենք անձերով կարող են իրար քննադատել ինչքան ուզում են. ինչպես ասում են, «սիրեք, ամուսնացեք, խեղդվեք», բայց բանակը հանգիստ թողեք, առանց այդ էլ երկուսուկես տարում հնարավոր ու անհնար ամեն ինչ արել եք բանակը վարկաբեկելու համար:

Բանակը, զինված ուժերը չեն կարող պայմանավորված լինել որևէ նախարարի, կամ նախարար դառնալու որևէ մեկի անձով: Մեր զինված ուժերը զարգացել են տարիների ընթացքում։ Եվ յուրաքանչյուր պաշտպանության նախարար կամ ոլորտի համակարգող իր ավանդն է ունեցել բանակի զարգացման գործում։ Ու աստիճանաբար քարը դրվել է քարի վրա, և կառուցվել է պաշտպանության ողջ համակարգը։ Հարց է, թե լինելով պաշտպանության ոլորտի խնդիրները համակարգող խորհրդարանական պաշտոնյա, Անդրանիկ Քոչարյանը ի՞նչ է արել բանակի համար, ինչո՞վ է նպաստել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, որ հիմա հարձակվում է բանակի վրա։ Առաջին հերթին տպավորություն է, որ վերջինս գործնական խնդիրների փոխարեն այսքան ժամանակ զբաղված էր Ապրիլ յան պատերազմի մասին անվերջ դատողություններ անելով, որոնք մեծամասամբ կտրված են իրականությունից և քաղաքական ծայրահղ սուբյեկտիվ նպատակներ են հետապնդում։

Ավելին, հանուն ինչ-ինչ կասկածելի նպատակների, նա փաստացի պատրաստ է նույնիսկ պետական գաղտնիք պարունակող նյութեր հրապարակել: Ու պատահական չէ, որ ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյաննն ասում է, որ «Անդրանիկ Քոչարյանն այն անձն է, որն օգնելու փոխարեն մշտապես խանգարել է ԶՈւ-ին, ամեն ինչ արել է, որ չլինի նորմալ, կառուցողական աշխատանք. փորձել է խառնվել կադրային նշանակումներին, մատակարարումներին, որոշումների ընդունման գործընթացին»։ Ի դեպ, ՊՆ-ն, պատասխանելով Քոչարյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտարարությանը, նշել էր, թե իրենք սիրով կուղեկցեն նրան հայկական բանակի բազմաթիվ ստորաբաժանումներ՝ պայմանով՝ որ նա ներողություն կխնդրի այդ ստորաբաժանումների զինծառայողներից՝ զինվորից մինչև սպա ու հրամանատար։

Մի բան պարզ է՝ բարձրաստիճան պաշտոնյան չէր կարող իրեն թույլ տալ հողին հավասարեցնել բանակի ունեցած ավանդը պետականության պահպանման և զարգացման գործում, եթե չունենար իր քաղաքական ղեկավարի «դաբրոն»։ Եվ դա պատահական չէ. թե՛ մինչ կապիտուլ յացիայի ստորագրումը, թե՛ դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին էր պարտության մեղքը գցում բանակի վրա։ Այս ամենը պարզորոշ կերպով խոսում է այս իշխանության փլուզման մասին, քանի որ երբ եկել է պարտության համար ժողովրդի առաջ պատասխան տալու պահը, իշխանություններին այլ բան չի մնում, քան իրենց մեղքի մեծ բաժինը գցել այլոց, այդ թվում՝ բանակի վրա և, իհարկե, «հպարտ» ժողովրդի վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular