ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ է տեսել, որ քաղաքական բնույթ ունեցող, բազմապիսի խնդիրներով խնդիրը՝ մեկ էլ կախեն բանակի վրա». Իրավապաշտպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ո՞վ է տեսել, որ քաղաքական բնույթ ունեցող, բազմապիսի խնդիրներով խնդիրը՝ մեկ էլ կախեն բանակի վրա. դա նշանակում է՝ քաղաքական ղեկավարությունը ձեռքերը լվանում է, որ հետագայում ամբողջ արդյունքների համար մեղադրի բանակին, և ինքն ապացուցի, որ դեռ մի բան էլ փրկչի դերում է հայտնվել՝ մոռանալով, որ պատմության մեջ չեն լինում գաղտնի բաներ: Կարող է գաղտնի լինել միառժամանակ, բայց միշտ չի կարող: Ու մենք տեսնում ենք մի շարք բացահայտումներ, որոնք հաստատ ունենալու են իրավաբանական ուժ` որպես ապացույցներ: Պետության դեմ այդ հանցագործության հատկանիշներն ապացուցելի են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով կարգավորման գործընթացներին և հայտնի եռակողմ հայտարարությանը՝ իրավապաշտպանը նկատեց՝ առկա է մի իրավիճակ, որտեղ մեզ ուզում են հստակ համոզել, որ անգամ բանակցությունները պետք է սկսեն այն կետից, որտեղ հասել են բանակները.

«Այս փաստաթուղթը միջազգային ընդունված նորմերին չի համապատասխանում: Փաստաթղթի մեջ առաջին կետը հակասում է երկրորդին, այսինքն` նա ունի իր ներքին հակասությունները: Առաջինում գրվում է, որ այնտեղ պետք է կանգնեն, որտեղ որ հասել են, երկրորդում՝ նա պահանջում է հանձնել տարածքներ, որոնք որ դեռ գտնվում են Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ անգամ այս նյութը չի արտացոլում ներքին պայմանավորվածությունների իմաստը և պարունակությունը»:

Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ ամեն բան եղել է արդեն ծրագրված. «Այդ ամբողջ սցենարը՝ անգամ օրացույցով է գնացել. պատահական չէ, որ գիշերվա կեսին է ստորագրվել՝ անպայման նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի պետական դրոշի օրը, և բոլոր մնացած ամսաթվերը, որ դուք նայեք՝ մայիսի 8-ին ընտրվելը՝ դա Շուշիի ազատագրման օրն է…. Այստեղ չկար պատահականություն, դրա համար ես պետք է ասեմ, որ մեր ակնկալիքներն անգամ այս փաստաթղթի մակարդակով չէ, որ պետք է լինեն. ակնկալվում են շատ ավելի ցավագին և անօրինական քայլեր:

Ի վերջո, ինչո՞ւ, աշխարհաքաղաքական խաղերն այստեղ ունեցան առաջնային նշանակություն, քան մարդու իրավունքները, քան ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած՝ 1988 թ. գոնե ցեղասպանական գործողությունները, որոնք գործում էր Ադրբեջանը, որի հետ մեզ հիմա ուզում են հաշտեցնել:

Ես չգիտեմ՝ երբևիցե որևէ մեկը փորձե՞լ է հրեաներին հաշտեցնել նացիստների հետ, հաշտեցման մասին պետք է խոսել միայն նրանից հետո, երբ  ցեղասպանություն,  ցեղասպանական գործողություններ կատարած պետությունը պատասխանատվություն կրի, այնինչ՝ մեզ սպասում է մեկ այլ բան՝ նույն այդ պետությունը դեռ պահանջատեր է ինչ-ինչ վնասների փոխհատուցման առումով:

Այսինքն՝ այն ծնողները, որոնք ուրախացել են, որ իրենց երեխաները ողջ են վերադարձել, ու շնորհակալություն էին ասում և այն կեղծ, մաքուր կոշիկներով չգիտեմ որտեղից հայտնված զինվորները, որոնք շնորհակալություն էին ասում Նիկոլ Փաշինյանին, դավաճանական գործունեության մեջ են ընդգրկված: Նրանք կարող է դա չհասկանան, որովհետև այն, ինչ մեզ սպասվում է, տարածվելու  սերնդեսերունդ»:

Նա խոսեց նաև Ադրբեջանի կողմից պատերազմում Թուրքիային և  վարձկաններին ներգրավելու մասին՝ նկատելով, որ Իլհամ Ալիևը բոլորից լավ գիտի՝ ինչ խայտառակ վիճակում է ադրբեջանական բանակը՝ կոռուպցիայի, ունակությունների և այլ հանգամանքների տեսանկյունից.

«Եվ այն, որ պետք է Թուրքիան էլ ընդգրկվի, մենք էլ գիտեինք. երբ խոսում են ինչ-որ հետախուզության մասին, ես զարմանում եմ. հետախույզ պետք չէ լինել. դա բաց տեքստով հայտարարվել է:

Այս առումով կրկնում եմ՝ թող որևէ մեկը չկասկածի՝ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար կրում է այն քաղաքական ուժը, որն ԱԺ-ում կազմում է այլ ազգային մեծամասնություն, և անձամբ ղեկավարը՝ իր կառավարության բոլոր անդամների հետ միասին: Թող կառավարության որևէ մի անդամ չմտածի, թե  ինքը մաքուր է դուրս գալու այս պատմությունից»:

Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին՝ իրավապաշտպանը նկատեց, որ  իր համար սպասելի էր միջազգային հանրության իներտ կեցվածքը, այդուհանդերձ շեշտեց՝ հիացած է ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպաններ  Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի աշխատանքով. «Մարդու իրավունքների պաշտպանությունը  դա մի դաշտ է, որտեղ որ արվել է ամեն ինչ՝ դեռ մի բան էլ ավել»:

Նա հավելեց, սակայն, որ քաղաքական իշխանության կողմից պատշաճ կերպով չեն օգտագործվել  փաստահավաք աշխատանքների կազմած նյութերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular