Հայաստանը նախագահ ունի՞, թե՞ ոչ... «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Մոտավորապես ամիսուկես տևած պատերազմից հետո Հայաստանը շատ ծանր փուլ է թևակոխել։ Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մեր հանրությունն այդպես էլ ուշքի չի գալիս։ Հոգեբանական լարվածությունը և պարտության առաջ բերած հիասթափությունը հասարակության շրջանում մեծ չափերի է հասել, և պատահական չէ, որ պետության կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից իրավիճակը հղի է անկանխատեսելի զարգացումներով։
Եվ տրամաբանությունը հուշում է, որ այսպիսի իրավիճակներում լուրջ դերակատարություն պետք է ունենա հանրապետության նախագահը, քանի որ, ըստ Սահմանադրության, վերջինս համարվում է պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը և իր լիազորություններն իրականացնելիս պետք է լինի անաչառ ու առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով: Այս կոնտեքստում ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը Արցախյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո հայտարարեց, թե դրա մասին մամուլից է տեղեկացել և այդ փաստաթղթի վերաբերյալ իր հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել:
Ապա առկա իրավիճակով պայմանավորված՝ Արմեն Սարգսյանն «անհապաղ» նախաձեռնեց քաղաքական խորհրդակցություններ, որոնց նպատակը պետք է լիներ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելը։ Եվ նախագահն իր նախաձեռնած խորհրդակցությունների շրջանակում հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական որոշ շրջանակների ու Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Առանձին հանդիպում կայացավ նաև «Իմ քայլը» իշխող խմբակցության որոշ պատգամավորների հետ, որից հետո տարածված հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում հատուկ շեշտադրվել է կայունության պահպանման և պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։
Եվ ուշագրավ է, որ քննարկումների արդյունքում նախագահն իր ամփոփիչ հայտարարության մեջ արձանագրեց, որ հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք է մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ուստի հաշվի առնելով այդ հանրային պահանջը՝ Արմեն Սարգսյանը ևս ընդգծեց, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Ընդ որում, մինչ ընտրությունները կառավարումը պետք է հանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:
Նախագահի հայտարարությանը ընդդիմության արձագանքը եղավ այն, որ իրենք ևս կողմնակից են վարչապետի հրաժարականին, Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը, թեպետ նախագահին որոշ հարցադրումներ հնչեցրեցին, թե ինքը որքանով է կողմ ընդդիմության պահանջներին։ Սակայն հետաքրքրական է, որ իշխանությունների կողմից որևէ փաստարկված արձագանք չեղավ Արմեն Սարգսյանի արձանագրումներին։ Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ իշխանությունները բացարձակապես հաշվի չեն առնում նախագահի դիրքորոշումն ու հայտարարությունները և ամեն կերպ լծվել են իրենց պաշտոնավարումը երկարաձգելու գործին։
Եվ իսկապես իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ մի կողմից՝ նախագահը հայտարարում է, թե իշխանությունները տվյալ իրադրության պայմաններում պետք է հեռանան, իսկ մյուս կողմից էլ ստորագրում է Նիկոլ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը և հաստատում նորանշանակ պաշտոնյաներին, մասնավորաբար՝ մի շարք նախարարների։ Իհարկե, անցած երկուսուկես տարվա ընթացքում Արմեն Սարգսյանը հիմնականում անխոս և առանց իր կարծիքն արտահայտելու ստորագրել է իշխանությունների ներկայացրած բոլոր որոշումներն ու օրենքները։ Ավելին, նախագահը չառարկեց և ստորագրեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունները, որով սահմանափակվեցին հենց իր լիազորությունները։
Սակայն ներկան մի փոքր այլ է, քանզի փաստացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին բարձրաձայնող նախագահը լուռումունջ հաստատում է վերջինիս միջնորդությունները՝ ավելի խորացնելով լարվածությունը հասարակության մեջ: Ըստ այդմ, պատահական չեն նաև այն խոսակցությունները, որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը որոշակի հանաձայնության և պայմանավորվածության են եկել, և արդյունքում փորձ է կատարվում լղոզել իշխանափոխության հարցը։ Այսինքն, ձգձգել հարցը և ժամանակ շահել հանրային տրամադրություններում փոփոխությունների սպասելու ակնկալիքով։ Այնինչ նախագահի խոսքը արժեք և կշիռ պետք է ունենա, այլ ոչ թե մնա այդպես էլ օդում կախված։ Հետաքրքիր է՝ քաղաքացիության փաստաթղթի հարցն ի՞նչ եղավ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում