Հզոր ցիկլոն է թափանցում Հայաստան. Որտեղ է լինելու հիմնական հարվածը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր գիշերը Հայաստանի տարածք կներթափանցի արկտիկական ցիկլոն, որը ՀՀ ԱԻն «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեկ բառով անվանում է «հզոր»:
«Արկտիկական օդի ներհոսքն այնքան ուժեղ է լինելու, որ հոկտեմբերի 31-ի գիշերը ավելի տաք է լինելու, քան նոյեմբերի 1-ի ցերեկը, որովհետեւ արկտիկական օդը ներխուժելու է վաղն առավոտվանից սկսած: Այսինքն՝ այսօր գիշերը կլինի +8+9, վաղը ցերեկը ժամը 13:00-14:00-ի կողմերը կիջնի +6»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց Սուրենյանը:
«Այսօր տեղումներ կլինեն, բայց դա ուրիշ պրոցեսի հետ է կապված: Այսօր կեսօրից հետո աստիճանաբար տեղումները կսկսվեն, բայց քանի որ առավոտվա կողմ ավելի հզոր ցիկլոն է ներթափանցում, ինտենսիվ տեղումները կսկսվեն լուսադեմից: Տեղումներն ինտենսիվ կերպով կշարունակվեն նոյեմբերի 1-ին եւ 2-ին՝ լեռնային եւ նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով:
Ձյուն կանխատեսվում է Շիրակի, Լոռու մարզերում, Արագածոտնի լեռներում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռներում, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային հատվածներում: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ:
Մեկ օրում ամսական նորմայի չափ տեղումներ են սպասվում:
Առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն եւ մերկասառույց, ուստի մենք հորդորում ենք մարզեր երթեւեկել միայն ձմեռային անվադողերով», ասել է նա: