ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ կարծիքով՝ հարկավոր է գնալ ոչ ավանդական ճանապարհով. Գարիկ Քեռյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Իհարկե, մեր պարտությունը պատերազմում ստեղծել է բավականին բարդ ներքաղաքական իրավիճակ, որը ներառում է և՛ բարոյական, և՛քաղաքական, և՛ հոգեբանական գործոններ, 1or.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը: Նրա դիտարկմամբ՝ դրա պատճառն այն է, որ երկուսուկես տարի առաջ ընտրելով նոր իշխանություն և նրա հետ կապելով մեծ հույս, Հայաստանի քաղաքացիների մեծ մասն այսօր կանգնել են դժվարին ու բարդ կացության՝ ներանձնային ճգնաժամի առջև, քանի որ երբեք էլ չէին սպասում, որ կարող է նման մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը նման ահռելի անհաջողության մատնի երկիրը: 

«Անշուշտ գիտակից հասարակության զգալի հատվածը հասկանում է, որ պարտության ու կոլապսի պատճառները ոչ միայն վերջին երկու տարիների գործունեության հետևանք էին, այլև, հետխորհրդային տարիներից հետո ազգային անկախական իշխանությունների ծավալած՝ մեղմ ասած, անհեռատես քաղաքականությունը և երբեմն նաև ոչ պետականամետ քաղաքականությունը: Ինչևէ, ներկայում ունենք քաղաքական ճգնաժամ և թնջուկ է առաջացել, որի պատճառը միակուսակցական կառավարությունն է, որը, փաստացի, անհաջողություն է կրել: Իշխանությունը փոխելու ճանապարահներն ըստ իս՝ այդքան էլ հստակ չեն, ինչն էլ հենց հանդիսանում է ներքաղաքական ճգնաժամի հիմնական պատճառը»,- ասաց Գ. Քեռյանը:

 Ժողովրդավարության տրամաբանությունը հուշում է, որ այս իրավիճակում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համոզված է քաղաքագետը, ինչն իրավիճակից դուրս գալու միակ ելքն է, որին համակարծիք են նաև քաղաքական կուսակցությունների և հասարակության մեծ մասը: Միևնույն ժամանակ կա նաև արտաքին պահանջ մեր դաշնակից Ռուսաստանի կողմից, որ Հայաստանը անվերապահորեն պետք է իրականացնի կնքված հայտարարության բոլոր կետերը, որն էլ հարցն ավելի է բարդացնում:

  «Համաձայնագիրն իրենից ներկայացնում է մի քանի կոմպոնենտների ամբողջություն, որը և՛զինադադար է, և՛ համաձայնագիր է և՛ ինչ-որ տեղ նաև հաշտության պայմանագիր է: Եվ այս պայմաններում հարց է ծագում՝ կառավարության հրաժարականից հետո ո՞վ պետք է իրականացնի այդ պայմանավորվածության բոլոր կետերը: Այստեղ է, որ առաջանում է փակուղի: Մյուս կողմից տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվայի հեռտորաբանությունը կամաց-կամաց դառնում է երկակի: Մի կողմից Կրեմլի ղեկավարությունը հայտարարում է, որ չի ցանկանում, որ Փաշինյանը հեռանա, մյուս կողմից Կրեմլին շատ մոտ կանգնած լրատվամիջոցները բավական կոշտ քննադատության են ենթարկում Հայաստանի ներկա իշխանությանը: Գաղտնիք չէ, որ նրանք առաջին ձեռքից տեղեկատվություն ստացող լրատվամիջոցներ են, որոնք սովորաբար հնչեցնում են Կրեմլի տեսակետը: Եվ հենց այստեղ է, որ առաջանում է երկվություն, որի պատճառով հասարակությունը մեծ հաշվով չի կարողանում ըմբռնել պաշտոնական Մոսկվայի տեսակետը»,- ասաց Գ. Քեռյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ներքաղաքական ճգնաժամի կարևորագույն պատճառներից մեկը նաև այն է, որ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը ապագայի տեսլականի հստակ ծրագիր չեն ներկայացնում: Փոխարենը հնչեցնում են սուր քննադատություններ, բայց որևէ կուսակցություն այս ճահճից դուրս գալու պլատֆորմի մասին չի խոսում: Ուստի դժվար է պատասխանել այն հարցին, թե իրականում ո՞րն է ելքը այս իրավիճակից:

 «Իմ կարծիքով  հարկավոր է գնալ ոչ ավանդական ճանապարհով, քանի որ ներկա բարոյահոգեբանական իրավիճակում արտահերթ ընտրությունները ռեալ արդյունքի չեն հանգեցնի, հաշվի առնելով ավելի բարձր գոռացողին հավատալու նախկին փորձը: Ես համոզված եմ, որ առաջիկա ընտրությունների թե՛ որակը, և թե՛ արժեքաբանությունը պետք է փոխվեն, որպեսզի հասարակությանը կարողանա ընտրություն կատարել ո՛չ թե անձերով, այլ նրանց պետականաշինության և երկիրը կառավարելու առումով պիտանելիության աստիճանը հաշվի առնելով: Ուստի, որոշակի ժամանակով հարկավոր է անկուսակցական պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորել, որոնք կլինեն ոլորտների մասնագետներ, ոլորտային կառավարում կիրականացնեն և կունենան նվազագույնը մեկ տարի գործելու լիազորություններ»,- ասաց Գ. Քեռյանը:

Ըստ Քեռյանի՝ Հայաստանում կան մասնագետներ, որոնք կապ չունեն այս կամ այն կուսակցության հետ, վարկաբեկված չեն և նրանց նպատակը պետք է լինի հակաճգնաժամային գործունեություն իրականացնելը: Այլ ճանապարհ չկա:

 «Ես դա ասում եմ և՛ որպես պատմաբան, և՛ որպես քաղաքագետ, ելնելով այլ երկրների փորձից: Օրինակ՝ 1980-83 թվականներին Թուրքիայի ներքաղաքական ճգնաժամի պատճառով արգելվեց կուսակցությունների գործունեությունը, որպեսզի նոր Սահմանադրություն ընդունվի և անցկացվեն նոր ընտրություններ: Նմանատիպ հակաճգնաժամային քայլեր իրականացվել են նաև Չիլլիում, երբ դիկտատորական մեթոդներ կիրառելով՝ Չիլլին դարձավ տարածաշրջանի ամենազարգացած պետություններից մեկը: Այս երկրները, իհարկե, դեմոկրատական կառավարման համակարգերով չէին առաջնորդվում, ուստի, մեր դեպքում դրանք կարող են մերժելի լինել, բայց, եթե պետությունը կործանման վտանգից փրկելու համար վեց ամսով կամ մեկ տարով ժամանակավոր կառավարում իրականացվի, ապա կարելի է խուսափել ճգնաժամից, ուստիև կարելի է գնալ այս ճանապարհով»,- ասաց Գ. Քեռյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular