ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական դեմոգրաֆիական ինժեներիան Կովկասում. ինչպե՞ս են Ղարաբաղում մեկ ազգը փոխում այլ ազգով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

fondsk.ru-ն գրում է, որ Sky News Arabia-ի փոխանցմամբ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի հյուսիս-արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տասնյակ արաբական և թուրքոման ընտանիքներ է Լեռնային Ղարաբաղ տեղափոխել «տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություններ կատարելու նպատակով նրանց այն տարածքներում բնակեցնելու համար, որտեղից հայկական ուժերը դուրս են բերվել»: Դժվար չէ հասկանալ, թե ինչին է միտված Թուրքիայի այդ «դեմոգրաֆիական հարձակումը». շրջապատել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի մնացած մասը  արևելքից և հյուսիս-արևմուտքից Անկարային հավատարիմ թուրքմեններով, որոնք իրենցից ներկայացնում են «պատրաստի ռազմական կոնտինգենտ» և մի ժողովուրդը փոխարինել մյուսով` «փոխելով տարածաշրջանի ժողովրդագրական տեսքը»:

Մոտ 100 հազար սիրիացի թուրքեր են (թուրքմեններ կամ թուրքոմաններ) ապրում ժամանակակից Սիրիայի տարածքում՝ հիմնականում Լաթաքիայի և Հալեպի նահանգներում: Թուրքմեններն արդեն տասներորդ տարին է պայքարում են Դամասկոսի կենտրոնական կառավարության դեմ: 2011 թվականին Թուրքիայում ստեղծվել է «Սիրիայի թուրքմենական շարժումը», իսկ մեկ տարի անց «Սիրիական թուրքմենական հարթակը», որին աջակցում են Թուրքիայի իշխանությունները: Թուրքմենների զինված կազմավորումները կապված են Ռուսաստանում արգելված մի շարք ահաբեկչական կազմակերպությունների հետ: Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ (Ռոջավայի ինքնահռչակ քրդական միավոր) Շաֆան ալ-Խաբուրին Sky News Arabia-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները Սիրիայից Լեռնային Ղարաբաղ ընտանիքների վերաբնակեցման մասին, որը նպատակաուղղված է Ղարաբաղում ժողովրդագրական փոփոխություններ առաջացնելուն: Նա նաև նշել է, որ նույն կերպ, դեմոգրաֆիական ինժեներիայի օգնությամբ, Թուրքիայի կառավարությունը ձգտում է դեմոգրաֆիկ տեղաշարժ կատարել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Աֆրին քաղաքում, որտեղ ներկայումս բնիկ քրդերի քանակը 7 տոկոսից էլ պակասել է, և նույն փորձը կրկնվում է Ղարաբաղում:

Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում Քրդական ինքնավար մարզ ստեղծվել էր Անդրկովկասի կենտրոնական գործադիր կոմիտեի բանաձևով 1923 թվականին և քուրդ ժողովրդի պատմության մեջ առաջին  անգամ ԽՍՀՄ տարածքում հայտնվել էր վարչական միավոր, որը կոչվում էր Կարմիր Քուրդիստան: Այն ստեղծելու հրամանագրում չի նշվել ինքնավարության սահմանները: Կարմիր Քուրդիստանը բաղկացած է եղել 228 բնակավայրերից և ընդգրկել է Զանգեզուր, Շուշա, Ջեբրաիլ և Ջավանշիրի վարչական շրջանների որոշ մասերը:  Հետո՝ 1929 թվականին,  Քուրդիստանի ինքնավարությունը վերացվել է: Քրդական «Аfrinpost » ռեսուրսը հայտնում է, որ վերջերս Թուրքիայի իշխանությունները երկու գրասենյակ են բացել Սիրիայի հյուսիսում` Աֆրինի քրդական շրջանի կենտրոնում, այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են տեղափոխվելով Լեռնային Ղարաբաղի/Արցախի «ադրբեջանական բանակի գրաված տարածքներ»:

Հիմնականում Հոլմսի նահանգի թուրքոման ընտանիքները արդեն իսկ գրանցվել են այդ գրասենյակներում: Թուրքական հետախուզությունը նրանց մուտքագրել է իրենց շտեմարաններում, որպեսի հետագայում Լեռնային Ղարաբաղ ուղարկի: Հայաստանի նախագահի օգնական, թուրքագետ Վարուժան Գեղամյանը մեկնաբանելով թուրքական ժողովրդագրական նոր ճարտարապետությունը, գրել է. «Դե, պետք է սթափվել: Եթե հասկանում եք նոր ֆիզիկական վտանգը, որից մենք կախված ենք, ժամանակն է պահանջել իրավասություն և իրական քաղաքականություն, այլ ոչ թե կրկես»:

Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտակետի (SOHR)՝ թուրքմենների ընտանիքների Լեռնային Ղարաբաղ վերաբնակեցումը համակարգվում է Թուրքիայի հետախուզական ծառայության՝ MIT-ի և «Գորշ գայլեր» անվամբ հայտնի ահաբեկչական խմբավորման թուրքմեն գրոհայինների կողմից, ինչպիսիք են «Սուլթան Մուրադը», «Սուլեյման շահը» և «ալ-Խամզաթը»: Նրանք բոլորը մասնակցել են ջիհադիստների Լեռնային Ղարաբաղ գործուղելուն և անմիջականորեն  մասնակցել են ադրբեջանական բանակի կողմից մղվող մարտերին: SOHR-ի տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը նշել է, որ թուրքոման գրոհայիններն ու նրանց ընտանիքները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ «քանի որ Թուրքիան պնդում է, որ նրանց արմատները գալիս են Կովկասի այդ շրջաններից»:

Ահաբեկչական խմբերի հարցով փորձագետ Լամար Արկանդին պատմել է  Sky News Arabia հեռուստաալիքին, որ ռազմական գործողությունների հենց սկզբից թուրքմեն և արաբ վարձկանների ընտանիքներ են սկսել ժամանել Լեռնային Ղարաբաղ: Ավարտելով Լեռնային Ղարաբաղ թուրքոմանների լայնամասշտաբ վերաբնակեցումը՝ ըստ փորձագետի, Թուրքիան կստանա զինված միջամտության և տարածաշրջանի փաստացի օկուպացիայի պատճառ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիները վերաբնակվելու են այն տարածքներում, որոնք նոյեմբերի 9-ի համաձայնագրով փոխանցվել են իր երկրին: Սակայն, կարծես թե  Անկարան այդ առումով այլ ծրագրեր  ունի:

1923 թվականի մարդահամարի համաձայն՝ հայերը կազմել են ԼՂՀ-ի 94 տոկոսը, իսկ մնացած 6 տոկոսը կազմել են հիմնականում ադրբեջանցիները (թուրքեր): Այլ փոքրամասնությունների շարքում առանձնացել են քրդերը, որոնք երկար ժամանակ բնակվել են այդ հողերում, ռուսները, ինչպես նաև որոշակի քանկով հույները: Խորհրդային իշխանության տարիներին ԼՂՀ-ի ադրբեջանական բնակչության տոկոսը հասել է 21,5 տոկոսի, մինչդեռ հայ բնակչության տոկոսը իջել է 76,9 տոկոսի: Ներկայումս  ըստ «Ռոնա» («Լույս») ադրբեջանական քրդական մշակույթի ադրբեջանական կենտրոնի ղեկավար Ֆահրադդին Փաշաևի, Ադրբեջանում ապրում է շուրջ 240 000 քուրդ, բայց Թուրքիան մտադիր է կանխել քրդերի և ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ այդ տարածքները վերաբնակեցնելով այն թուրքմենների ընտանիքներով: Եթե թուրքական դեմոգրաֆիկ ինժեներիան հաջողության հասնի, ապա Լեռնային Ղարաբաղում բնակվելը անհարմար կդառնա ոչ միայն էթնիկ ադրբեջանցիների ու քրդերի, այլ նաև հայերի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular