ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական դրությունից՝ իշխանատենչություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին՝ ողջ օրվա ընթացքում, Հայաստանի խորհրդարանը քննարկում էր ռազմական դրությունը վերացնելու մասին ընդդիմության նախաձեռնությունը: Ռազմական դրությունը դիտարկվում է Հայաստանում քաղաքական իշխանության դեմ պայքարի ակցիաների խոչընդոտ, հաշվի առնելով այն, որ այդ ակցիաների կազմակերպիչներն ու մասնակիցները փաստացի հայտնվում են ընդհուպ քրեական պատասխանատվության թիրախում: Ըստ էության՝ իշխանությունն, ինչպես հայտնի է, ռազմական դրության չեղարկման հարցում հղում է անում զինվորականությանը, նշելով, որ զինվորականները կասեն, թե արդյոք երբ է նպատակահարմար ռազմական դրությունը չեղարկելը: Ակնառու է, որ հարցը գտնվում է ներքաղաքական դիրքային պայքարի համատեքստում: Դա այն դեպքում, երբ Հայաստանում ռազմական դրության չեղարկումից առաջ հրատապ է քաղաքական ամլության չեղարկումը՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի քաղաքական ամլության չեղարկումը, որը թույլ կտա հասարակական-քաղաքական զարգացումները լցնել բովանդակությամբ, գաղափարներով:

Բանն այն է, որ ռազմական դրությունը խանգարում է ակցիաներին, զանգվածային գործողություններին, բայց ռազմական դրությունը չի խանգարում հանրության հետ գաղափարական, բովանդակային երկխոսությանը, որ պետք է վարել ստեղծված ռազմա-քաղաքական պարտության դրանից բխող բարդ իրադրության և մարտահրավերներին, Հայաստանի ու Արցախի համար թեկուզ քիչ, սակայն հնարավորությունների օգտագործման համատեքստում: Հնարավորություններ, որոնցից մեկն էլ Ֆրանսիայի Սենատը ընձեռեց հայկական շահերին նախօրեին: Պետք է գիտակցել, որ դա նվեր կամ մարդասիրական օգնություն չէր, այլ Ֆրանսիայի քաղաքական շահով պայմանավորված ակտ: Սակայն ակտ, որը բխում է նաև ՀՀ շահից ու ենթադրում է աշխատանք, քանի որ Սենատի որոշումը, անշուշտ, սկիզբ է նոր տրամաբանության, և ամենևին ոչ մեկանգամյա գործողություն:

Ըստ այդմ, ի՞նչ տրամաբանությամբ է այդ սկզբին պատրաստ Հայաստանն իր ներքին քաղաքական ներկայիս հարաբերակցությամբ: Մենք այժմ լսում ենք միայն «դիսկուրս» հայրենասիրություն-դավաճանություն տրամաբանության ներքո: Պարզապես մարդիկ ունեն փաստ և ծանր իրավիճակ, ու քաղաքական էլիտաների հավակնորդներից ակնկալում են ոչ թե խաղ դրանից բխող ծանր զգացմունքների վրա, այլ ելքերի վերաբերյալ առարկայական խոսակցություն, որտեղ իշխանափոխության հարցը այլևս կդիտվի նպատակներին կամ լուծումներին ուղղված միջոց, ոչ թե բուն նպատակ: Եվ աշխարհն էլ, որ շարունակում է իր քաղաքականությունը այդ թվում հայկական՝ արցախյան հարցում, ուզում է թերևս հասկանալ, թե որն է ի վերջո հայկական քաղաքական դասի և հայության նպատակը գոնե ծանր պարտությունից հետո:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular