ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսապես հզորանալու հրամայականը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրերս ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ Արցախում պատրաստվում է կառուցել տեխնոլոգիական պարկեր, կենտրոններ, ինչի առնչությամբ արդեն համաձայնագիր են ստորագրել թուրքական GOSB տեխնոպարկի հետ: Հավանաբար Արցախ ասելով խոսքն, ըստ երևույթին, այն տարածքների մասին է, որ պատերազմի ընթացքում Արցախում օկուպացրել է Բաքուն: Ալիևը պատերազմի դադարից անմիջապես հետո հայտարարում է քաղաքացիական, տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ինտենսիվ նախագծերի և շինարարության մասին: Թե այդ հայտարարությունների որ մասն է քարոզչություն, իսկ որը՝ իրագործվելիք քաղաքականություն, բարդ է ասել. Ալիևի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները պատերազմով չեն ավարտվել, դրանք ստացել են պարզապես այլ բնույթ:

Դրան զուգահեռ իրավիճակը հակասական է հայկական կողմի համար: Մի կողմից՝ կան իրավաքաղաքական խնդիրներ՝ կապված այդ օկուպացված տարածքների, մասնավորապես Հադրութի, Շուշիի, տեղահանվածների վերադարձի, հայկական բնակչության սեփականության հետ: Մյուս կողմից՝ եթե Ադրբեջանը աշխույժ լինի քաղաքացիական ենթակառուցվածքների ձևավորման հարցում, դա, իհարկե, իր հերթին կարող է լինել իրավիճակի լարվածության որոշակի լիցքաթափման դրվագ և կայունության երաշխիք հետագա հեռանկարի համար: Մյուս կողմից՝ ակնառու է, որ Ադրբեջանն այդ ամենը դիտարկում է արդեն տնտեսական պատերազմի համատեքստում, և այդ իմաստով արցախյան լայնամասշտաբ երկրորդ պատերազմից հետո Բաքուն ձեռնամուխ է լինում փաստորեն տնտեսական երկրորդ պատերազմին:

Առաջինի դեպքում, պարտված լինելով ռազմադաշտում, խաղաղության տնտեսական պատերազմում Բաքուն փաստորեն հաղթեց՝ դնելով այդ հաղթանակը իր, փաստորեն, ապագա ռազմական հաղթանակի հիմքում: Այդ հաղթանակից հետո Ադրբեջանը, փաստորեն, Հայաստանին՝ ներառյալ Արցախը, թելադրում է տնտեսական երկրորդ պատերազմը։ Իրականում ավելորդ է թերևս ասել, թե ինչ է սպասվելու մի քանի տասնամյակ անց, եթե Հայաստանը և Արցախը տանուլ տան տնտեսական երկրորդ այս պատերազմը: Իհարկե, վերջին հաշվով օրակարգում է նաև Ադրբեջան պետության հարցը՝ աշխարհաքաղաքական վերաձևումների հեռանկարի համատեքստում, սակայն դա արդեն մի հարց է, որ մեզանից կախված չէ, հետևաբար մենք ունենք թեժ պատերազմից հետո մեզ պարտադրվող տնտեսական նոր պատերազմին դիմագրավելու խնդիր: Առայժմ, սակայն, Հայաստանում նշույլն իսկ չի երևում, թե մենք գնում ենք կամ պատրաստվում ենք դրան: Հայաստանում ներքաղաքական պայքար է, ոչինչ ավելի: Դրան զուգահեռ՝ առկա է նաև տնտեսական պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստը: Այդ իմաստով հատկանշական է, որ Բաքուն գործակցում է Թուրքիայի հետ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular