ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարելի՞ է արդյոք վարակվել կորոնավիրուսով թղթադրամի միջոցով

ՖՈՏՈ

Որքանո՞վ հավանական է վարակվել կորոնավիրուսով թղթադրամի միջոցով: Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակել է Անգլիայի Կենտրոնական բանկը, գնահատել է այդ ռիսկը:

Այդ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանխիկ գումարի միջոցով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է, եթե անգամ հիվանդը փռշտա հենց թղթադրամի վրա: Սակայն բնավ ոչ բոլոր մասնագետներն են կիսում այդ կարծիքը, հաղորդում է Medportal.ru-ն:

Մարտին Հոնկոնգի համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտական խումբը գնահատել է կորոնավիրուսի դիմակայությունը տարբեր ջերմաստիճանների դեպքում եւ տարբեր մակերեսներին, որոնց հետ մենք պարբերաբար շփվում ենք: Թղթադրամների վրա վիրուսները հայտնաբերվել են ոչ մեծ քանակով 2 օր անց, իսկ 4 օր անց դրանք արդեն այդտեղ չկային:

Իր հերթին CSIRO ավստրալական ազգային գիտական գործակալության գիտնականները պարզել են, որ SARS-CoV-2-ը կարող է ապրել մինչեւ 4 շաբաթ որոշ մակերեսներին, որոնց դիպչում է յուրաքանչյուր մարդ: Համաձայն հետազոտությունների արդյունքների՝ կորոնավիրուսն ավելի լավ է ապրում թղթադրամների վրա եւ գերադասում է ոչ բարձր ջերմաստիճանը: Միեւնույն ժամանակ, հետազոտության հեղինակները նշել են, որ վիրուսի փոխանցման ուղին օդակաթիլայինն է, եւ ոչ շփման միջոցով: Այսինքն՝ մարդն ավելի շուտ կվարակվի, եթե դրամարկղի հերթում նրա վրա փռշտա հիվանդը, քան վերջինիս դրամապանակի կանխիկ գումարից:

Բրիտանական կարգավորիչի տվյալներով՝ համավարակի ընթացքում կտրուկ նվազել են բանկոմատներից գումար կանխիկացնելու դեպքերը, օրինակ, Լոնդոնում այդ ցուցանիշը կրճատվել է մինչեւ 80 տոկոսով: Սակայն շրջաններում, որտեղ բնակվում են բնակչության սոցիալապես անպաշտպան շերտերը, այդ անկումն աննշան էր: Դա նշանակում է, որ ցածր եկամուտ ունեցող մարդիկ շարունակել են ակտիվորեն օգտվել կանխիկ գումարից:

Անգլիայի Կենտրոնական բանկը պատվիրել էր սեփական հետազոտությունը թղթադրամի միջոցով վարակվելու ռիսկերը գնահատելու համար: Լաբորատոր պայմաններում պլաստիկե եւ թղթադրամների վրա ավելացրել են SARS-Cov-2-ի բարձր չափաբաժին, որը համարժեք էր կորոնավիրուսով հիվանդ մարդու հազի հետեւանքով վիրուսի կոնցենտրացիային: Իրական կյանքում, իհարկե, քիչ հավանական է, որ մեր ձեռքերում հայտնվեն թղթադրամներ, որոնց վրա հենց այդ պահին հազացել է COVID-19-ով հիվանդը, սակայն հետազոտողներն իրենց առջեւ նպատակ էին դրել գնահատել ամենավատ սցենարը:

Թղթադրամի վրա վիրուսի քանակությունը մնում էր կայուն այն ավելացնելուց հետո 1 ժամի ընթացքում, սակայն արագորեն նվազում էր հաջորդող 5 ժամերի ընթացքում: 6 ժամ անց վիրուսային կաթիլների քանակությունը հասել էր 5 տոկոսի ինչպես թղթի, այնպես էլ պլաստիկից դրամների վրա: 24 ժամ անց պաթոգենը պահպանվել էր թղթադրամների վրա շատ փոքր չափաբաժնով:

Այդ տվյալների հիման վրա Անգլիայի Բանկը պնդում է, որ կանխիկ գումարի միջոցով վարակվելու հավանականությունը շատ ցածր է, ընդ որում՝ թղթից եւ պլաստիկից դրամների վրա վիրուսի կենսագործունեությունը գրեթե նույնքան է:

Սակայն չպետք է մոռանալ զգուշության մասին. անհրաժեշտ է պարբերաբար լվանալ ձեռքերը, մշակել դրանք ախտահանիչով եւ պահպանել սոցիալական հեռավորություն:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular