Բռնություն դատապարտյալի նկատմամբ. ՔԿ վարչության 3 պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ1in.am-ը գրում է.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, բավարար ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել են քրեակատարողական վարչության աշխատակիցներ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը և Հովհաննես Զուլֆիգարյանը. տեղեկացնում է ՀՔԾ-ն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. փետրվարի 16-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին զննելու սենյակում քրեակատարողական վարչության հիշյալ ծառայողները, բռնության գործադրմամբ զուգորդված անցել են պաշտոնեական լիազորությունները, իրենց «ընդդիմանալու» հարցի շուրջ վիճաբանել են դատապարտյալ Ի. Ա.-ի հետ և բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությանը միջամտել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձը և դադարեցվել է դատապարտյալի նկատմամբ կիրառվող բռնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Արման Աղաջանյանին, Արթուր Զուլֆիգարյանին և Հովհաննես Զուլֆիգարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: